Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում դեսպան Վագիֆ Սադիգովը հայտարարել է, թե ԵՄ առաքելության ներկայությունը Ադրբեջանի սահմանի մոտ անհանգստություն է առաջացնում Բաքվում։
«Սա երկկողմանի խնդիր է Հայաստանի և Եվրամիության միջև, բայց դա տեղի է ունենում մեր սահմանային հենակետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և խիստ ռազմականացված գոտում, որտեղ մենք ունենք ռուս սահմանապահներ, հայ սահմանապահներ, ռուսական կանոնավոր ստորաբաժանումներ, հայկական կանոնավոր ստորաբաժանումներ և Իրանի սահմանին ավելի մոտ՝ իրանական զինուժը։ Այժմ մենք ունենք նաև ԵՄ առաքելությունը։ Այսպիսով, մենք ունենք անվտանգության օրինական հարցեր», - ասել է Սադիգովը Politico-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ այս առաքելությունը կարելի է դիտարկել որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ներկայությունն ամրապնդելու Բրյուսելի փորձ։
Իր հերթին, ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչը, անանուն մնալու պայմանով, Politico-ին ասել է, թե Բաքվի հետ հարաբերություններում ԵՄ-ն «այլ սցենարի հույս ուներ», նշելով, որ Բրյուսելը Ադրբեջանի հետ կիսվում է տեղեկատվությամբ՝ Հայաստանում սահմանին պարեկության մասին։
«Մենք Ադրբեջանի հետ կիսում ենք բոլոր համապատասխան տեղեկությունները պարեկության և այլնի մասին, քանի որ չենք ցանկանում որևէ խնդիրներ», - հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բայրամով․ «Հայկական սադրանքների ակտիվացումը համընկել է ԵՄ առաքելության տեղակայման հետ»Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հայտարարությունը Բաքվում մեծ դժգոհություն է առաջացրելԵվրոպական խորհուրդը 2023 թվականի փետրվարին մեկնարկել է 100 հոգուց բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ երկու տարի ժամկետով։ Այն, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվելու է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում: