«Վագներ»-ը փորձել է ուկրաինական պատերազմի համար զենք գնել Թուրքիայից. ամերիկյան փաստաթղթեր

Ռուսաստան - «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության շենքը Սանկտ Պետերբուրգում, արխիվ

Արտահոսքի արդյունքում համացանցում հայտնված ամերիկյան փաստաթղթերի համաձայն՝ ամիսներ առաջ Պուտինի մտերիմ Եվգենի Պրիգոժինին պատկանող «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ուկրաինական պատերազմի համար փորձել է զենք գնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից։

The Washington Post թերթի լրագրողները վերլուծել են արտահոսքի արդյունքում հրապարակված գաղտնի փաստաթղթերը: Նրանք գրում են, թե ամերիկյան հետախույզները կարողացել են տեղեկություն ստանալ «Վագներ»-ի ծրագրերից գաղտնալսման արդյունքում։ Հետախույզների զեկույցներից մեկի համաձայն՝ փետրվարի սկզբին «Վագներ»-ի ներկայացուցիչները հանդիպել են «Թուրքիայում գտնվող զրուցակիցների հետ՝ թուրքական կողմից զենք և տեխնիկա ձեռք բերելու նպատակով», ընդ որում, ըստ այդ փաստաթղթերի, «Վագներ»-ն ուզում էր զենք գնել Ուկրաինայում և Մալիում ռազմական գործողությունների համար:

Փաստաթղթերից հայտնի չէ, թե ինչպես են ավարտվել բանակցությունները՝ գնե՞լ է «Վագներ»-ը զենք թուրքական կողմից, թե՞՝ ոչ, և արդյո՞ք Թուրքիայի իշխանությունները որևէ բան գիտեն այդ բանակցությունների մասին։

Թուրքիայի կառավարության խոսնակը, ԱՄՆ-ում Մալիի դեսպանությունը հրաժարվել են մեկնաբանություններից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վագները» պատրաստվում էր զենք գնել Թուրքիայից՝ համաձայն ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի. WP


Ըստ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության պաշտոնյայի` արտահոսած փաստաթղթերից շատերը պատրաստվել են ձմռանը Միացյալ Նահանգների միացյալ շտաբների պետ, գեներալ Մարկ Միլիի և այլ բարձրաստիճան զինվորականների համար:

Ավելի վաղ հրապարակվել էին ուկրաինացի զինվորականների վերապատրաստմանը, ուկրաինական հակահարձակմանը վերաբերող փաստաթղթերը։ Ինչպես է տեղի ունեցել արտահոսքը, հայտնի չէ։

Ամերիկյան մեկ այլ թերթ՝ The New York Times-ը գրել է, թե ամենայն հավանականությամբ՝ արտահոսքը տեղի չի ունեցել ուկրաինացի պաշտոնյաների կողմից, քանի որ Կիևին հասանելի չեն եղել ցանցում հայտնված որոշ փաստաթղթեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պենտագոնը փորձում է պարզել Կիևին օգնելու պլանների մասին գաղտնի նյութերի արտահոսքի աղբյուրը. NYT