Ուկրաինական մարտադաշտում իրավիճակը էապես չի փոխվել։ Ռուսները կատաղի հարձակվում են Բախմուտի ուղղությամբ, ուկրաինացիները՝ կատաղի դիմադրում։
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը այսօր խոստովանել է, որ ռուսների առաջխաղացումը Բախմուտում չափազանց ծանր է ընթանում․ - «Բախմուտում իրավիճակը ծանր է, շատ ծանր։ Հակառակորդը կատաղի դիմադրում է յուրաքանչյուր մետրի համար։ Ինչքան շատ ենք առաջ գնում, այնքան դժվար է դառնում։ Ուկրաինացիները անդադար հրետանի են օգտագործում, նոր ռեզերվներ բերում»։
Հանգստյան օերին ռուսներին չի հաջողվել առաջ գնալ, շփման գիծը վերջին օրերին անցնում է Բախմուտկա գետով։ Առավել կատաղի մարտերը Բախմուտի արդյունաբերական հատվածում են։ Ընդ որում, քաղաքի այն շրջանները, որոնք ռուսներին հաջողվել է գրավել, ամբողջովին վերածվել են ավերակների։ Սակայն ուկրաինական բանակը չի հեռանում։
Արևմտյան փորձագետները արձանագրում են, որ կողմերը Բախմուտի համար պայքարում հսկայական կորուստներ ունեն։ Օրերս Mediazona հրատարակությունը հրապարակել է Ուկրաինայում ռուսական բանակի հաստատված կորուստների ամփոփագիրը, որի հաշվարկներն իրականացվում են BBC-ի հետ համատեղ։ Զոհվածների ցուցակում երկու շաբաթվա մեջ 1638 նոր անուն է ավելացել, ընդհանուր թիվը հասել է 16774-ի։
Հրապարակման մեջ ընդգծվում է. որ սա երկու շաբաթվա կտրվածքով ռուսական բանակում հաստատված կորուստների ռեկորդային թիվ է մեկ տարուց ավելի շարոնակվող պատերազմի ընթացքում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այս տվյալները որևէ կերպ չի մեկնաբանել։ Ուկրաինան սեփական կորոստների մասին պաշտոնական տվյալներ չի հայտնել։
Դոնեցկի շրջանի Բախմուտ քաղաքի համար ինտենսիվ մարտեր են ընթանում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։ Ավելի վաղ ուկրաինացի զինվորականները հայտնել էին, որ քաղաքից չնահանջելը հրամանատարության մարտավարական որոշումն է՝ բացատրելով, թե այս քաղաքի նկատմամբ հսկողությունը կանխում է ռուսական ուժերի հնարավոր առաջխաղացումը դեպի Կրամատորսկ և Սլավյանսկ։
Ու մինչ Բախմուտի համար կատաղի մարտեր են, Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան Journal du Dimacnhe-ին տված հարցազրույցում ասել է, թե Ուկրաինան հակահարձակում է ծրագրում և զենք է սպասում Արևմուտքից, որպեսզի «դատարկ ձեռքով ռուսների դեմ չգնա». - «Դուք չեք տեսնի, որ մենք սկսենք հակահարձակում, քանի դեռ վստահ չենք, որ բավականաչափ զենք և զինամթերք ունենք այն իրականացնելու համար: Այս գործողության պլանավորումն արդեն սկսվել է»։
Անցած շաբաթավերջին Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը ասել էր, թե ուկրաինական բանակը երկու ամսից հակահարձակման գնա՝ ընդգծելով, որ բանակն այժմ ամրապնդում է դիրքերն ու զինանոցը ռուսներին երկրից դուրս շպրտելու համար։
Հնարավոր բանակցությունների մասին կողմերից և ոչ մեկ չի խոսում։
Մինչ այդ The Wall Street Journal-ը հայտնել է, թե Պեկինը ծրագրում է ընդլայնել դիվանագիտական ջանքերն ու բանակցել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ։ Ըստ ամերիկյան հրատարակության, Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինը մտադիր է հեռավար զրուցել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ մինչ՝ Մոսկվայում հանդիպել նախագահ Պուտինի հետ։
Պաշտոնական Պեկինը առայժմ չի հերքել և չի հաստատել այս լուրերը։ Եթե այդ հաղորդումները հաստատվեն, սա կլինի Սի Ծինփինի առաջին զրույցը Զելենսկու հետ պատերազմի մեկնարկից ի վեր։