Ռուսաստանյան դատարանը երկամսյա կալանքի է դատապարտել The Wall Street Journal-ի լրագրող, ամերիկացի Էվան Գերշկովիչին՝ լրտեսության մեղադրանքով։ Որոշումը կայացվել է փակ դռների ետևում, լրագրողն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։
Անվտանգության դաշնային ծառայությունը պնդում է, թե նա «գործելով ամերիկյան կողմի ցուցումներով, գաղտնի տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին»։
Գործընկերների խոսքով, լրագրողը Եկատերինբուրգ էր մեկնել` հետաքննելու, թե ինչպես է «Վագներ» մասնավոր ընկերությունը հավաքագրում տեղի բնակիչներին` Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավելու համար:
WSJ-ը հերքում է իր լրագրողի հասցեին մեղադրանքները և պահանջում անհապաղ նրան ազատ արձակել:
31-ամյա Գերշկովիչը, ըստ արևմտյան լրատվամիջոցների, առաջին օտարերկրացի լրագրողն է, որը ձերբակալվել է Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով՝ Խորհրդային միության փլուզումից հետո։