Հայաստանի վարչապետն «աղաղակող միջադեպ» որակեց նախօրեին շուրջ 3 տասնյակ արցախցիներին Լաչինի միջանցքում 5 ժամ արգելափակման մեջ պահելու Բաքվի քայլը: Սա այսօր Փաշինյանի միակ բնորոշումն էր։
«Տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ Լեռնային Ղարաբաղի մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղևորվելիս են եղել Ստեփանակերտ, կրկին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ», - հայտարարեց վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց ԱդրբեջանինըԵրեկ պաշտոնական Երևանը որևէ կերպ չանդրադարձավ Լաչինի միջանցքում տեղի ունեցածին, ողջ օրվա ընթացքում որևէ գնահատական չհնչեց։ Այսօր էլ կառավարության նիստում վարչապետը շատ հպանցիկ անդրադարձավ։ Դարձյալ փաստեց, որ չի կատարվում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, համաձայն որի Լաչինի միջանցքը պետք է բացվի։
«Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ Միջազգային դատարանի վճիռը չի կատարվում, և մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր միջազգային դիվանագիտական ջանքերը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Փետրվարի 4-ի գիշերը Լաչինի միջանցքում ադրբեջանցիները ժամեր շարունակ արցախցիներին պահել էին Շուշիի հատվածում՝ ապա ներխուժել մեքենաներ, անձնագրերը ստուգել... Երբ 3 կին ուշաթափվել էր, ադրբեջանցիները արգելել էին ռուս խաղաղապահներին նրանց Ստեփանակերտ տեղափոխել։ Պահանջել էին հիվանդներին տանել Շուշի, մերժում ստանալուց հետո համաձայնել էին Ստեփանակերտ տեղափոխել, բայց միայն իրենց շտապօգնության մեքենայով:
Արցախի պետնախարարը տեղի ունեցածը սադրանք է որակում
Բաքուն տեղի ունեցածը որպես հումանիզմի դրսևորում էր ներկայացրել։ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, մինչդեռ, երեկ Հանրայինի հետ զրույցում սա սադրանք որակեց։
«Ադրբեջանը մարդկանց խեղդեց, որից հետո որոշեց արհեստական շնչառությամբ փրկել, որպեսզի հայտարարի, որ մարդկանց կյանք է փրկել», - ասաց Ներսիսյանը:
Ինչպե՞ս ստացվեց, որ արցախցի կանանց ադրբեջանական շտապօգնությունը հասցրեց Ստեփանակերտ, Գուրգեն Ներսիսյանը պարզաբանեց, թե այդ ողջ ընթացքում կապի բացակայության պատճառով Արցախի քաղաքացիների հետ չեն կարողացել շփվել, անձամբ ինքը կապը պահել է ռուս խաղաղապահների հետ և տեղեկանալով, որ կան վատառողջ քաղաքացիներ, կազմակերպել են շտապօգնության մեքենաների երթևեկությունը դեպի Շուշի։ Սակայն ադրբեջանցիները արգելել են, որ Ստեփանակերտից շտապօգնության մեքենաները մոտնենան դեպքի վայր։
«Ադրբեջանցիները իրենց այդ նույն ցուցադրական վարքագծի որպես շարունակություն առաջարկեցին օգնություն ցուցաբերել Շուշիում և հակառակը՝ մերժում ստանալուց հետո նրանք արգելեցին մեր շտապօգնության մեքենաների տվյալ տեղանքին մոտենալու հնարավորությունը, ըստ երևույթին տվյալ պահին ռուս խաղաղապահները առաջնահերթությունը տվեցին մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը պահպանելու հարցին, և խնդիրը լուծվեց այդ եղանակով», - նշեց պետնախարարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շրջափակման մեջ հայտնված 27 քաղաքացիների առջև Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու պահանջ է դրվել․ ԲեգլարյանԵրեկվանից Արցախի իշխանությունները տեղեկացնում են, թե Լաչինի միջանցքը փակած էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները նոր պահանջ են դրել արցախցիների առջև՝ եթե ուզում են Ստեփանակերտ հասնել, պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն։ Պետնախարարի բնորոշմամբ՝ Ադրբեջանը փաստորեն փոխում է Լաչինի ճանապարհը փակելու դրդապատճառները։
«Կանգնեցրել են մեքենաները և սկսել հավելյալ պահանջներ ներկայացնել, որ Արցախ կարելի է մուտք գործել մեր քաղաքացիներին բացառապես այն դեպքում, եթե նրանք ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, ինչ-որ ինտեգրման համաձայնություն տան և այլն: Եթե ի սկզբանե նրանք հայտարարում էին, որ ճանապարհը արգելափակվել է ինչ-որ բնապահպանական խնդիրներով պայմանավորված, հիմա այդ գործընթացը լրիվ այլ նպատակներով և այլ ցանկություններ բավարարելու համար է», - նշեց Գուրգեն Ներսիսյանը:
Արգելափակման մեջ հայտնված, ապա կրկին Գորիս վերադարձած արցախցիները երեկ «Ազատության» հետ զրույցում բարձրաձայնում էին վախի մթնոլորտի մասին: Կարինե Աղաջանյանը պատմել էր, որ ադրբեջանցիները փորձել էին սադրել մեքենաներում գտնվող արցախցի տղամարդկանց։
«Մեր տղաներին էն վիճակի մեջ էին գցում, որ պիտի ինչ-որ մի բան անեն, բայց փառք Աստծո, մեր տղաները շատ լավ իրանց դրսևորեցին, իսկական հայի պես, իսկական տղամարդու պես, հանուն կանանց իրանք իրանց զսպեցին», - ներկայացրել է Աղաջանյանը:
Արցախի ՄԻՊ-ի տվյալներով, միայն Գորիսում 120 արցախցի սպասում է Ստեփանակերտ վերադառնալու հնարավորությանը
Արցախի օմբուդսմենի տվյալներով, այս պահին միայն Գորիսում 120 արցախցի սպասում է Ստեփանակերտ վերադառնալու հերթական հնարավորությանը։ Արդյո՞ք առաջիկայում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ ուղևորվելու նոր հնարավորության կստեղծվի։ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի համոզմամբ, ընտանիքների միավորման գործընթացն առաջիկայում խիստ բարդ է լինելու։
«Հաշվի առնելով ադրբեջանական կողմից դիրքորոշումների կոշտացումը և՛ մեր հանդեպ, և՛ ռուս խաղաղապահների, և՛ Կարմիր խաչի հանդեպ, ավելի հավանական է, որ շատ ավելի դժվար կլինի ընտանիքների վերամիավորման գործընթացը, քան որոշ ժամանակահատված եղել է», - ասաց Բեգլարյանը:
Արցախցի պաշտոնյան ասում է՝ եթե Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակ պահելու համար բարձր գին վճարելու իրական ռիսկի առջև չկանգնի, ապա առաջիկայում Արցախին ավելի բարդ իրավիճակ է սպասվում։
«Ինչ ուզում են անեն, մեկ ա մենք ղարաբաղցի ենք, Ղարաբաղը մերն ա, մերն էլ մնալու ա: Իրանք թող էդքան հույս չպահեն, որ կարող ա պատահի մենք հուսահատվենք, ինչ որ մերն ա, դե մերն ա, ատամներով էլ պահելու ենք», - ասաց Կարինե Աղաջանյանը: