Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում, ռուս խաղաղապահների միջոցով, այսօր հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ մանրամասնելով՝ դա հնարավոր կլինի իրականացնել բացառապես ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնին նախապես դիմելու և կենտրոնի թույլտվությամբ՝ ադրբեջանական հնարավոր սադրանքներից խուսափելու համար։
Պետնախարարը տեղեկացրել է, որ վերջին օրերին ռուս խաղաղապահները որոշակի պարբերականությամբ սկսել են Արցախից Հայաստան տեղափոխել քաղաքացիների՝ հաշվի առնելով՝ մարդկանց կյանքում անընդհատ ծագող խնդիրները՝ Հայաստանում հարազատի մահ, հուղարկավորություն, կիսված ընտանիքների՝ Հայաստանում գտնվող ընտանիքի անդամի ծանր հիվանդություն, վիրահատություն և այլն։
Ինչ վերաբերում է առողջական խնդիր և բժշկական օգնության կարիք ունեցող անձանց, ապա, ըստ Ներսիսյանի, նրանց տեղափոխությունը Հայաստան կկազմակերպվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության միջոցով՝ Արցախի առողջապահության նախարարության ցուցմամբ:
Երեկ Արցախի ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ ռուս խաղաղապահները փորձել են Գորիսից Արցախ տեղափոխել 27 քաղաքացիների, ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ, սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է չորս կանանց ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահներն ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը, և չորս քաղաքացիները տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն:
Ադրադառնալով ռուս խաղաղապահների կողմից Արցախի բնակիչներին տարհանելու կամ մեծ թվով արցախցիների Հայաստան տեղափոխելու մասին լուրերին, Պետնախարարն այսօր ասել է, որ հաղորդումներն իրականությանը չեն համապատասխանում՝ դրանք որակելով «ադրբեջանական տեղեկատվական գրոհների հերթական դրսևորումներ»: