Տեղի հողատարածքներում ադրբեջանական ու հայկական կողմերը շինաշխատանք են կատարում գրեթե հարևանությամբ

Տեղ համայնքի հողատարածքներում ադրբեջանական ու հայկական կողմերը շինաշխատանք են կատարում գրեթե հարևանությամբ: Գյուղից տեսանելի է հայկական երկու եռագույնների միջև խրված ադրբեջանական դրոշը։ Ենթադրվում է, որ սահմանի ճշգրտման աշխատանքը դեռ չի ավարտվել։

«Հայաստանի կառավարության մեղքն ա, պիտի առաջինը մենք դնեինք պոստերը, ոչ թե իրանք», - ասաց Տեղ համայնքի բնակիչ Վոլոդյա Զեյնալյանը:


«68 տարի այս գյուղում եմ ապրում», - ասում է Վոլոդյա Զեյնալյանը, խորհրդային տարիներին հարևան ադրբեջանական Ջաղազուրի բնակիչների հետ համերաշխ հող էին մշակում՝ ամեն մեկն իր տարածքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տեղ գյուղում դիրքավորված ադրբեջանցիները շարունակում են խրամատավորման աշխատանքները«Ադրբեջանցիք իմ ցանած ցորենը  արմատախիլ են արել, տեղը խրամատ են փորել». Տեղ համայնքի բնակիչ 

«Էդ հողերն իրար կպած են եղել, խորհրդային տարիներին իրար մոտ աշխատել ենք, իրար հետ էլ հաց ենք կտրել, իսկ հիմա դա անհնարին է», - ​նշեց Տեղի բնակիչը:

Հիմա, ասում է Վոլոդյան, ադրբեջանցիները հայկական տարածք են մտել՝ այնտեղ, որտեղ չեն եղել նախկինում ոչ մի օր. - «Մոտ 70 հա վարելահող են թռցրել մեզանից, մի էդքան էլ, հլը մի քիչ էլ ավելի արոտավայրեր»:

Վոլոդյա Զեյնալյանը ենթադրում է՝ այս ադրբեջանցի զինվորները ուղղակի չգիտեն, թե հողն ումն է, այ որ իր նախկին հարևանները գային. - «Եթե կոնկրետ առաջվա Զաբուղ գյուղում ապրող թուրքը լինի, չի մտնի երբեք էդ տարածք, որովհետև նա գիտի, որ դա Տեղ գյուղինն է»:​

Ոչ մի հարևանություն Տեղի բնակիչը չի պատկերացնում քանի Ադրբեջանի զինուժը գյուղի դաշտում է, վստահ է, ոչ բարեկամական տրամադրությամբ:

«Էնտեղ հակահայկական քարոզչություն է գնում, նրանք թշնամի են մեզ համարում, չեն կարա մեզ հետ հաց կտրեն», - նշեց նա:​

Լուծումն, ասում է, դարձյալ կառավարության ձեռքում է, թող բոլոր հարցերը մի կողմ դնեն ու բանակն ուժեղացնեն. - «Անջախ ճանապարհներ են շինում, չե՞նք կարա խճուղով գնանք, թող փողը դնեն պաշտպանության վրա, պաշտպանենք մեր երկիրը, մինչև Երևան հասնելու են՝ կամաց-կամաց, տոտիկ-տոտիկ»:​

Ադրբեջանցիների զբաղեցրած դաշտում խորհրդային տարիներին Կոլյա Բալայանն էլ է աշխատել՝ հարևանությամբ ադրբեջանցիներն էին հացահատիկ մշակում. - «Իրենք իրենց հողերն են մշակել, մենք էլ մեր հողերը՝ առանց որևէ խոսակցության»​:


Հիմա ուզում է հուշեն իրեն թե ում դիմի, որ Տեղում խրամատավորվող հարևանները հեռանան:

«Թուրքը պիտի հեռանա, քանի որ մեր պապական հողերն են, ո՞ւմ միջոցով ա եկել էստեղ, չենք հասկանում, չենք իմանում, թե ինչ անենք», - ասաց Բալայանը:​

Սյունիքից հնչող տագնապների վերաբերյալ իշխանության ներկայացուցիչները ոչինչ չեն ասում, նաև Պաշտպանության անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահը. - «Դուք պետք է ապավինեք մեր պաշտոնական աղբյուրների տեղեկատվությանը»:​

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տեղ-Կոռնիձոր հատվածում հայ-ադրբեջանական հանդիպման արդյունքում իրավիճակը բարելավվել է. ԱԱԾՀինգ կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ԱԱԾ

Պաշտոնական տեղեկատվություն տարածել է միայն Ազգային անվտանգության ծառայությունը՝ ադրբեջանական ներխուժման օրը, մարտի 30-ին, հայտարարել, որ սահմանի 5 կետով մինչև 300 մետր առաջ են տեղակայվել. մեկ օր անց ասացին՝ Տեղ-Կոռնիձոր հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է: Ի՞նչ բարելավման մասին է խոսքը, 4 օր է ոչ ոք չգիտի, ոչ ոք չի պարզաբանում, գյուղացիներն էլ չեն նկատում: