Աննախադեպ իրադարձություն Միացյալ Նահանգների պատմության մեջ․ Նյու Յորքի դատարանը պատրաստվում է մեղադրանք առաջադրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Մինչ այդ Թրամփի նկատմամբ մի շարք հետաքննություններ, որոնք կապված են ընտրական գործընթացների հետ, դեռևս շարունակվում են։
Դատարան հասած քրեական այս գործի հիմքում 2016 թվականի իրադարձություններ են, երբ Թրամփը առաջին անգամ փորձում էր նախագահ դառնալ։
Քննությունը պնդում է, որ քաղաքական գործիչը տասնյակ հազարավոր դոլարներ է վճարել ամերիկյան պոռնո աստղ Սթորմի Դենիելսին՝ վերջինիս հետ ունեցած ենթադրյալ սեռական կապի մասին լռության դիմաց։ Այս վարձատրությունը կարող էր աննկատ մնալ և հանցանք չորակվեր, եթե չպարզվեր, որ Թրամփը այդ գումարները վերցրել է նախընտրական հիմնադրամի բյուջեից՝ որպես իրավաբանական ծառայության դիմաց վճար։ Այս հանցանքի համար նախկին նախագահի փաստաբան Մայքլ Քոենը 2018 թվականին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կկանգնի դատարանի առաջԴոնալդ Թրամփը, ով երկու անգամ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում իմպիչմենթի է ենթարկվել, բայց այդպես էլ մեղավոր չի ճանաչվել ԱՄՆ Սենատի կողմից, այսպիսով կդառնա ԱՄՆ առաջին նախկին նախագահը, որին պաշտոնապես քրեական մեղադրանք է առաջադրվում։
Արդեն մի քանի ժամից ԱՄՆ հատուկ ծառայությունները 45-րդ գերագույն գլխավոր հրամանատարին կուղեկցեն դատարան, որտեղ նա կլսի մեղադրանքը, մատնահետքեր կհանձնի և կլուսանկարվի։
Նյու Յորքի ոստիկանությունն, իր հերթին, պատրաստվել է Թրամփի աջակիցների ցույցերին, որոնք, կիսելով հանրապետական նախկին նախագահի համոզմունքը, պնդում են, որ այս մեղադրական ակտը, ինչպես նաև դեռևս ընթացքի մեջ գտնվող մյուս հետաքննությունները քաղաքական դրդապատճառներ ունեն, և նպատակը Թրամփի վերադարձը Սպիտակ տուն կանխելն է։
Ամերիկայի նախկին առաջնորդն իրեն ամբաստանյալ դարձնելու փորձերն անվանել է «վհուկների որս» և աջակիցներին կոչ արել դուրս գալ բողոքի ակցիաների, բացի այդ՝ առանց ապացույցներ ներկայացնելու հայտարարել է, որ գործը քննող դատավորն «իրեն ատում է», դատախազներին էլ անվանել ձախ ծայրահեղական մանյակներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Կոնգրեսն առաջարկում է Թրամփին ենթարկել քրեական պատասխանատվության«Դատախազության գործողությունները ոչ իրավաչափ են։ Այդ ձախ-ծայրահեղական մանյակների համար տարբերություն չկա, որ մարդն անմեղ է»,- անցած օրերին Թեքսասում աջակիցների հետ հավաքին հայտարարում էր Դոնալդ Թրամփը։
Այսօրվա դատավարությունից հետո նահանգների նախկին առաջնորդը մտադիր է վերադառնալ պաշտոնաթողությունից հետո իր բնակության հիմնական վայրը դարձած Մար-ա-Լագո՝ ելույթ ունենալու աջակիցների մասնակցությամբ նախընտրական հանրահավաքին։
Թրամփին առաջադրվող մեղադրանքը, որն, ի դեպ, չի խանգարի նրա նախագահ վերընտրվելու փորձերին, ըստ քննությանը ծանոթ ամերիկյան լրատվամիջոցների՝ պարունակում է մի քանի դրվագ, այդ թվում՝ մի շարք մեղադրանքներ՝ աշխատանքային փաստաթղթերի կեղծման հետ կապված և առնվազն մեկ քրեական հանցագործություն։
Միացյալ Նահանգների նախկին առաջնորդի դեմ դատավարությունը Նյու Յորքում մեկնարկում է անվտանգության ուժեղացված միջոցառումների ուղեկցությամբ։ Թեև ոստիկանությունը հայտարարել է, թե հետախուզական որևէ տվյալ չունեն նախապատրաստվող հնարավոր բռնությունների մասին, այդուհանդերձ քաղաքի կարգը հսկող անվտանգության ուժերը բերվել են բարձր պատրաստության։ Դատավարության նախաշեմին քաղաքի տարբեր վայրերում ակցիաներ են իրականացնում Թրամփի հակառակորդներն ու աջակիցները՝ մի տեղ վանկարկում բանտարկել նախկին նախագահին, մյուս ճամբարում հորդորում դադարեցնել հանրապետական գործչի դեմ իրավական գործողությունները։
«Որոշ սադրիչներ կարող են որոշել և գալ մեր քաղաք։ Մեր ուղերձը հստակ է և պարզ՝ վերահսկեք ձեզ»,- ԱՄՆ 45-րդ նախագահի դեմ պատմական դատավարության նախաշեմին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Կոնգրեսը այսօր քննարկելու է Թրամփի՝ պաշտոնից վաղաժամ հեռացման հարցըԻնքը՝ Թրամփը, ինչպես վստահեցրել է նրա թիմի ներկայացուցիչ Ջոն Մըքլաֆլին, Մանհեթանի դատարան կներկայանա արժանապարտիվ կեցվածքով։
«Նա իրեն կդրսևորի ջենթլմենի պես, արժանապատվորեն, մենք այս ամենը կհաղթահարենք և կհաղթենք ընտրություններում», - համոզմունք է հայտնել Ջոն Մըքլաֆլին։
Հանրապետական առաջատար գործիչները՝ նույնիսկ Թրամփի որոշ պոտենցիալ մրցակիցներ, որոնք մտադիր են իրենց թեկնածությունն առաջադրել հաջորդ տարվա նախագահական նախնական ընտրություններում, դատապարտել են նրա դեմ հարուցված քրեական գործը:
Նախագահ Ջո Բայդենը մինչ օրս խուսափել է մեկնաբանել իր քաղաքական գլխավոր մրցակցի դեմ իրավական գործընթացները