Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսն առաջարկում է Թրամփին ենթարկել քրեական պատասխանատվության


ԱՄՆ - 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունները Կապիտոլիումում
ԱՄՆ - 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունները Կապիտոլիումում

2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունները քննող կոնգրեսական հանձնաժողովը դիմում է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությանը՝ կոչ անելով պաշտոնական մեղադրանք ներկայացնել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։

Շուրջ մեկուկես տարի տևած հետաքննությունից հետո Ներկայացուցիչների տան 9 հոգուց կազմված հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ հունվարի 6-ի իրադարձությունների ժամանակ պաշտոնից հեռացող նախագահ Թրամփը մի շարք քրեորեն պատժելի արարքներ է կատարել, մասնավորաբար՝ նպաստել է զինված խռովության հրահրմանը, խոչընդոտել է Կոնգրեսի պաշտոնապես սահմանված ընթացակարգերին, նաև հանդես է եկել կեղծ հայտարարություններով։

Հարկ է նկատել, սակայն, որ կոնգրեսական հանձնաժողովի այս որոշումը զուտ խորհրդատվական բնույթ ունի, և նախկին նախագահի դեմ քրեական գործ հարուցելու միանձնյա իրավասությունը պատկանում է Արդարադատության նախարարությանը։

«Մեր հանձնաժողովը վստահ է, որ նախկին նախագահ Թրամփի դեմ քրեական վարույթ հարուցելու համար այս պահին առկա ապացույցներն ավելի քան բավարար են։ Դրանք վկայում են այն մասին, որ Թրամփն աջակցել կամ խրախուսել է Կապիտոլիումում Միացյալ Նահանգների դեմ հարձակման մեջ ներքաշված մարդկանց։ Կոմիտեն լրջագույն ապացույցներ է կարողացել հավաքագրել առ այն, որ նախագահ Թրամփը մտադիր էր խափանել իշխանության խաղաղ փոխանցման՝ մեր Սահմանադրությամբ ամրագրված գործընթացը», - անցած գիշեր հանձնաժողովի եզրակացությունը ներկակայացնելու ընթացքում հայտարարում էր Հունվարի 6-ի իրադարձությունները քննող կոնգրեսական հանձնաժողովի անդամներից մեկը՝ Մերիլենդից ընտրված դեմոկրատ Ջեյմի Ռասկինը։

2021 հունվարի 6-ին՝ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող Դոնալդ Թրամփի կազմակերպած հանրահավաքի ավարտից հետո, նրա հազարավոր կողմնակիցներ երթով շարժվել էին դեպի ամերիկյան օրենսդիր իշխանության կենտրոն հանդիսացող Կապիտոլիում՝ գրոհելով շենքը և խափանելով Սենատի և Ներկայացուցիչներ տան համատեղ նիստը, որի ընթացքում ամերիկացի կոնգրեսականները պետք է պաշտոնապես հաստատեին 2020-ի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։ Դրանց ընթացքում Դոնալդ Թրամփը պարտվել էր Ջոզեֆ Բայդենին։

Ջեյմի Ռասկինի համոզմամբ, ի դեպ, Թրամփի կողմնակիցների հունվարի 6-ի գործողությունները ոչ թե տարերային քայլ էին, այլ հստակ գծված պլանի մի մաս։

«Թրամփի կողմից գծված այս սխեմայի ամբողջ նպատակը Միացյալ Նահանգներում իշխանության փոխանցման առանցքային պրոցեդուրայի տապալումն էր», - հայտարարում էր դեմոկրատ կոնգրեսականը։

Նույն կարծիքին է Հունվարի 6-ի իրադարձությունները քննող հանձնաժողովի նախագահ Բենի Թոմփսոնը։

«2020 թվականի ընտրություններում նա պարտվել էր և գիտեր այդ մասին։ Թրամփը, սակայն, գերադասեց ոչ թե հեռանալ զբաղեցրած պաշտոնից, այլ մի քանի մասերից բաղկացած ծրագրի միջոցով փորձեց չեղարկել ընտրությունների արդյունքները և արգելափակել իշխանության փոխանցումը։ Վերջում էլ նա իր աջակիցներին հրավիրեց Վաշինգտոն և իմանալով, որ ամբոխը զինված է ու ջղային, ուղղեց նրանց դեպի Կապիտոլիում», - հայտարարում էր հանձնաժողովի նախագահը։

Այն եզակի հանրապետականներից մեկը, որ համաձայնել էր մասնակցել «Հունվարի 6»-ի հանձնաժողովի գործունեությանը՝ Լիզ Չեյնին ևս վստահ է՝ Դոնալդ Թրամփն արեց ամեն ինչ, որպեսզի իր աջակիցների խաղաղ ցույցն ի վերջո վերաճի բռնությունների՝ հինգ մարդու մահվան պատճառ դառնալով։

«Ժամեր շարունակ նա հանդես չէր գալիս որևէ հրապարակային հայտարարությամբ, որով կոչ կաներ իր կողմնակիցներից ցրվել և հեռանալ Կապիտոլիումի տարածքից։ Եվ դա՝ չնայած այն հանգամանքին, որ [նման հայտարարությամբ հանդես գալու հորդորներով] նրան էին դիմում Սպիտակ տան մի շարք աշխատակիցների և տասնյակ այլ մարդիկ։ Նման իրավիճակում նման պահվածք ցուցաբերած մարդը չի կարող այլևս այս երկրում որևէ պատասխանատու պաշտոն զբաղեցնել», - հայտարարում էր Չեյնին։

Ընդհանրապես, այս հարցի շուրջ հանրապետականների շրջանում տիրող տրամադրությունները բավական տարբեր են։

«Ողջ երկիրն է տեղյակ, թե ով է պատասխանատու այդ դեպքերի համար», - հանձնաժողովի եզրակացության հրապարակումից հետո հայտարարել է Սենատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը՝ չհստակեցնելով, այդուհանդերձ, թե հատկապես ում նկատի ունի։ 2021 թվականին մինչդեռ, Կապիտոլիումում տեղի ունեցած իրադարձություններից անմիջապես հետո, հանրապետական գործիչը հայտարարում էր, թե Թրամփն առնվազն բարոյական պատասխանատվություն է կրում հունվարի 6-ի բախումները հրահրելու համար։

Հանրապետական մեկ այլ սենատորի՝ Շելի Մուր Կապիտոյի համոզմամբ էլ` կոնգրեսական հանձնաժողովի որոշումն ակնհայտորեն քաղաքականացված էր։ «Ես երբեք չեմ լսել, որ Կոնգրեսը Արդարադատության նախարարությանը նման հրահանգներ իջեցնի», - նշել է սենատորը։

XS
SM
MD
LG