Բայրամով․ «Հայկական սադրանքների ակտիվացումը համընկել է ԵՄ առաքելության տեղակայման հետ»

«Հայաստանը շարունակում է խուսափել ստանձնած պարտավորություններից կատարումից», - այսօր Բաքվում, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության Արևելյան գործընկերության գծով հատուկ բանգնաց Դիրկ Շուբելի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մտահոգիչ է, որ Հայաստանի կողմից վերջին շրջանում իրականացվող սադրանքների ակտիվացումը համընկել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման հետ։ Երևանը չպետք է չարաշահի ԵՄ առաքելության ներկայությունը՝ այն որպես պատրվակ օգտագործելով երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին վնասելու նպատակով», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական երկարաժամկետ առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»:

Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի 20-ին։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում: Մոսկվան նույնիսկ հայտարարել է, թե նրանք կարող են միայն «աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն կոչ է անում Երևանին «չչարաշահել Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության ներկայության փաստը»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԵՄ երկարաժամկետ առաքելության տեղակայումը հանդիսանում է ԵՄ կարևոր ներգրավվածություն մեր տարածաշրջանում». Միրզոյան