Սկանդինավյան շրջաններից դեպի մեր երկիր շարժվող արկտիկական ցուրտ հոսանքները ցրտահարման ռիսկ են ստեղծելու արդեն ծաղկած ծառերի համար։ Իսկ հայաստանյան այգիներում արդեն սիրուն ծաղկել են բոլոր կորիզավորները՝ ծիրանենի, դեղձենի, կեռասենի
«Որքան կլինեն կորուստները, դա կախված կլինի տևողությւոնից, թե որքան ժամանակ կպահպանվի այդ բացասական ջերմաստիճանը։ Նախնական կանխատեսումը՝ առավոտյան ժամը 5-ից 7-ն է սպասվում», - «Ազատությանն» ասաց փորձագետ Գառնիկ Պետրոսյանը։
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի խոսքով՝ բացի ցրտի տևողությունից, բերքի կորուստը կախված կլինի նաև նրանից, թե այգին ինչ ռելիեֆում է տեղակայված, գոգավոր մասի ծառերի ծաղիկները չեն դիմանա։
«Գոգավորություններում օդի կանգ է տեղի ունենում, սառը զանգվածն ավելի տևական ժամանակ է պահպանվում», - ասաց Պետրոսյանը։
Հիդրոօդերևութաբանության ծառայությունն արդեն հայտարարել է, որ բացասական ջերմաստիճան է սպասվում հովտային գոտում, այդ թվում՝ Արարատյան դաշտում․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հողի մակերևույթին մինչև -4 աստիճան, նախալեռնային գոտում, որտեղ ծիրանենին նույնպես ծաղկել է, մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը դարձյալ մինչև -4, այս հատվածներում նաև ձյան տեղումներ են սպասվում։ Ըստ մասնագետի՝ օդում երկու ժամ ձգվող -2 արդեն կործանարար կլինի բերքի համար։
«Բջջահյութը հիմնականում ջուր է պարունակում իր մեջ և սառչում է, բջջաթաղանթը պատռվում է, չկա բջիջ չկա կյանք», - մանրամասնեց գյուղատնտեսության փորձագետը։
Ի՞նչ անել, պետական կառույցներն այգեգործներին առայժմ որևէ հորդոր չեն հղել։ Փորձագետ Գառնիկ Պետրոսյանն ասում է՝ Հայաստանն աշխարհի որևէ ժամանակակից փորձից օգտվելու հնարավորություն չունի, մնում է պապական ծխահարումը։ Եթե ջերմաստիճանը կանխատեսվածից չիջնի, ճիշտ ծխահարումն այգին կփրկի։
«Հատկապես գերիշխող քամիների ուղղությամբ, որպեսզի այդ ծխածածկույթն այգետարածքների վրա պատվի, և հիմնականում կարևոր է, որ հարևան այգեգործները բոլորը միասին կազմակերպեն այդ աշխատանքը», - ասաց Պետրոսյանը։
Այգիներում սովորաբար կրակ են վառում, անիմաստ է ու աննպատակ, ասում է փորձագետը, պետք է ոչ թե կրակ, այլ կայուն ծխածածկույթ ապահովել։
Վաղվանից սկսած ամեն օր ջերմաստիճանը նվազելու է 6 աստիճանով։ Կորիզավորները փրկելու համար այսօրվանից պետք է ծխակույտեր նախապատրաստել։
Տարիներ առաջ գյուղատնտեսության նախարարներից մեկն առաջարկում էր այգիների ցրտահարությունն ու կարկտահարությունն աղոթքով կանխել, մի քանի փորձեր եղան, այգեգործներին բնական աղետներից ապահովագրելու հարցը, սակայն, առայժմ չի լուծվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծրագրի մեկնարկից երեք տարի անց ապահովագրվել է Հայաստանի մշակովի հողատարածքների միայն մոտ մեկ տոկոսը