Մատչելիության հղումներ

«Հաստատ լավ տարի չենք սպասում, եթե ձյուն չունեցանք». եղանակն անհանգստացնում է գյուղատնտեսներին


Ազատանցի ֆերմեր Սեյրան Ոսկանյանը 15 հեկտար աշնանացան ցորեն է ցանել։ Շիրակցի մյուս գյուղատնտեսների նման անհանգիստ է՝ հունվարի առաջին տասնօրյակն է, բայց ձյուն դեռ չկա։ Նման բան երիտասարդ ֆերմերը չի հիշում։

«Ինքը ծլել է, մեծերի ասածով՝ արդեն թուխս է նստել ցորենը, նորմալ վիճակում է հիմա: Եթե ջերմաստիճանը շատ չնվազի, 10-12 աստիճանի մնա, նորմալ է, բայց դե ձյունը պարտադիր էր էլի, ձյան շերտ եթե լիներ, հաստատ մտավախություններ չէին լինի՝ կսառեր, թե չէ: Գյուղացին էլ անհոգ կլիներ: Ձյան շերտն իրեն ապահովում է համ բարձր բերքատվություն, համ էլ չի մրսում ցորենը», - ասում է նա. «Այսպիսի եղանակ ես հաստատ չէի տեսել: Գոնե 10-15 սմ ամեն տարի ձյուն լինում էր, գալիս էր, բայց քիչ, էս 5-6 տարի է՝ արդեն ձյան պակաս ենք զգում: Ձմեռը ձյունառատ չի լինում, այս տարի առավել տեսնում ենք, որ ձյուն ընդհանրապես չի տեղացել, աշնանն էլ անձրևները չեն տեղացել: Հաստատ լավ տարի չենք սպասում, եթե ձյուն չունեցանք, գյուղատնտեսական առումով եմ ասում: Եթե ձյուն չեղավ, սարերում էլ ձյուն չեղավ, գարնանը հաստատ ջուր չենք ունենալու»:

Ի՞նչ ցանենք, որ կլիմայի փոփոխության պայմաններում կարողանանք տուն պահել, մտահոգվում է մեկ այլ գյուղատնտես Տիգրան Մոսոյանը։ Նա էլ ցորենը ցանել ու աչքը ձյան գալուն է պահում. «Բնական է՝ լավ չի անդրադառնա: Ձյուն որ չեղավ, ցորենը կարող է ցրտահարվի, հետո էլ գարուն չլինի նորմալ ջրելու համար: Վտանգավոր է, ես չեմ հիշում էսպիսի հունվար: Ես, օրինակ, մտածում եմ՝ ինչ կարելի է ցանել բնակլիմայական այս պայմաններում, որպեսզի բերք ստանամ, բայց չեմ կարողանում պատասխանը գտնել»:

Այս տարի պետության հորդորդով շիրակցիներն ավելի շատ աշնանացան են ցանել։ Մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանն ասում է՝ նախորդ տարվա պակասի փոխարեն այս տարի կրկնակի աճ են արձանագրել։

«2022 թվականի հետ համեմատությամբ՝ 23-ի ցանքի տակ իրականացված 5500 հա-ից ավելի աճ ունենք, նախորդ տարվա 12 հազար 700-ի փոխարեն 23 թ.-ի բերքի տակ իրականացված է շուրջ 18 հազար հա ցանքատարածություն», - ասաց նա:

Անցած տարի հացահատիկի բերքը ճիշտ է՝ ռեկորդային չէր, բայց վատ ցուցանիշ չի արձանագրվել, հավելում է պաշտոնյան։ Միջին բերքատվությունը 2.5 անգամ ավելացել էր. «Նախորդ տարվա 8.3 ցենտների համեմատությամբ այս տարի ընդհանուր հացահատիկային մշակաբույսերի բերքատվության միջին բերքատվությունը կազմել է 22.1 ցենտներ»:

Ըստ մարզի գլխավոր գյուղատնտեսի՝ աշնանացան ցորենի ցրտահարության դեպք այս պահին չի արձանագրվել։ Ասում է՝ ձյան բացակայությունն առայժմ չի անհանգստացնում, քանի որ ջերմաստիճանը -20-ի չի հասել։

«-20-ից բարձրի դեպքում ցրտահարության վտանգ կարող է առաջանալ, այս պահի դրությամբ արձանագրենք, որ ցրտահարության վտանգ թերևս չունենք», - նշեց նա:

Հիդրոմեդի տվյալներով՝ առաջիկա օրերին Շիրակում տեղումներ չեն լինի, բայց ջերմաստիճանը կհասնի -19-ի։ Կլիմայի փոփոխությունները շիրակցի որոշ գյուղատնտեսների արդեն ստիպել են այլընտրանքներ փնտրել. ոմանք ցորեն ու կարտոֆիլ մշակելու փոխարեն այգիներ են հիմնում։ Մարզի գլխավոր գյուղատնտեսի խոսքով՝ աճում է նաև ջերմոցային տնտեսությունների թիվը, քանի որ արտոնություններ կան։ Պաշտոնյան ասում է՝ գյուղատնտեսները պետք է հաշվի նստեն կլիմայի փոփոխության հետ, օրինակ է բերում՝ եթե նախկինում Աշոցքում ու Ամասիայում հիմնականում անասնակեր էին ցանում, արդեն արդեն սկսել են ցրտաշունչ այդ շրջաններում նաև կարտոֆիլ մշակել։

XS
SM
MD
LG