Բախմուտը գրեթե շրջապատված է. Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբ

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր անուղղակիորեն հաստատել է, որ ամիսներ շարունակ ռուսների հարձակման թիրախում գտնվող Բախմուտն այժմ գրեթե շրջապատված է. մարտեր են ընթանում քաղաքի հարավում, արևմուտքում և հյուսիս-արևմուտքում։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը վերջին զեկույցում նույնպես արձանագրել է ռուսների առաջխաղացումը Բախմուտում՝ հարավից դեպի կենտրոն և քաղաքի հյուսիս-արևմուտքում։ Զեկույցի համաձայն, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը երեկ եղել է Բախմուտի 5-րդ դպրոցի շենքում, քաղաքի գրեթե կենտրոնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական ուժերը Ուկրաինայի վրա գրոհել են կառավարվող ավիահրթիռներով Զելենսկին այցելել է Բախմուտի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի առաջապահ դիրքերՌուսները կատաղի հարձակվում են Բախմուտի ուղղությամբ, ուկրաինացիները՝ կատաղի դիմադրումՕլեգ Սահակյան. «Ուկրաինան դեռ չի կարողանում հաղթել, իսկ Ռուսաստանը դեռ չի կարող պարտվել, բայց նաև չի կարող հաղթել»

Ուկրաինան իր հերթին հայտարարում է, թե ձգտում է մեծ կորուստներ պատճառել Բախմուտը գրոհող ռուսական զորքերին։ Ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին առաջնագծում հանդիպել է զինվորներին՝ ընդգծելով, որ պետք է պայքարել մինչև վերջ. - «Այսօր մեր հիմնական խնդիրն է մաշել հակառակորդի գերակա ուժերը և մեծ կորուստներ պատճառել նրան։ Դա կստեղծի անհրաժեշտ պայմաններ, կօգնի ազատագրել ուկրաինական հողը և կարագացնի մեր հաղթանակը»։

Մյուս երկու թեժ շրջաններում՝ Ավդեևկայում և Մարինկայում, վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական հարձակումները անհաջող են եղել։

Թեժ է սակայն ոչ միայն ռազմադաշտում: Այս գիշեր Կիևի և Դնեպրոպետրովսկի շրջանները հարձակման են ենթարկվել ռուսական անօդաչու սարքերի կողմից։ Ուկրաինական ՀՕՊ համակարգը, ուկրաինական կողմի պնդմամբ, խոցել է 13 անօդաչու սարքերից 12 ը։

Սլավյանսկ քաղաքում առավոտյան ռուսական հրթիռային հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, 36-ը՝ վիրավորվել։ Բնակիչները պատմում են, որ վնասվել են բնակելի շենքեր, ավտոմեքենաներ. - «Վախեցել էինք, սա մեր տունն էր, այս շենքում կույրեր էին ապրում։ Ես էլ վատ տեսողություն ունեմ... կարևորը, որ թոռնիկս էլ է փրկվել»։

Ուկրաինական բանակը պատրաստվում է հայտարարված հակահարձակմանը

Ու մինչ ռուսները շարունակում են ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը , իսկ Բախմուտում ու Ավդեևկայում մի փոքր առաջ են գնացել, ուկրաինական բանակը պատրաստվում է հայտարարված հակահարձակմանը: Կիևը պնդում է, որ կանցնի հակահարձակման, երբ կստանա անհրաժեշտ սպարազինությունը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաստատել է, որ Ուկրաինան արդեն ստացել է 18 Leopard 2 տանկ, իսկ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Ուկրաինայի զինված ուժերը ստացել են նաև բրիտանական Challenger 2 տանկերը։

Երբ և ռազմաճակատի որ հատվածում է լինելու ուկրաինական հակահարձակումը, չի հայտարավում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսում միջուկային զենք տեղակայելու որոշումը Արևմուտքն ընկալում է որպես սպառնալիք Եվրոպայի անվտանգությանը

Մինչ այդ ռուսները պատրաստվում են Բելառուսում տեղակայել տակտիկական միջուկային զենք։ Բելառուսի արտգործնախարարությունը այսօր՝ Ռուսաստանի նախագահի հայտարարությունից երեք օր անց, հայտարարել է, թե երկրի տարածքում ռուսական միջուկային մարտագլխիկների տեղակայումը չի համարում Միջուկային զենքի չտարածման պայմանագրի խախտում։

Անցած շաբաթավերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղադրման հատուկ պահեստի կառուցումը պետք է ավարտվի հուլիսի 1-ին։ Երեկ երեկոյան, այդուհանդերձ, Սպիտակ տունը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները չունի տվյալներ, որ Մոսկվան արդեն սկսել է միջուկային զենքի տեղափոխումը Բելառուսի տարածք։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին երեկ երեկոյան հայտարարել է նաև, որ Վաշինգտոնում չեն տեսնում նշաններ, որ Մոսկվան պատրաստվում միջուկային զենք օգտագործել Ուկրաինայում. - «Այս հայտարարությունից հետո մենք չենք տեսել մարտավարական միջուկային զենքի որևէ տեղաշարժ կամ նման բան։ Եվ մենք, իհարկե, չենք տեսել որևէ նշան, որ պարոն Պուտինը որևէ որոշում է կայացրել օգտագործել զանգվածային ոչնչացման զենք, առավել ևս՝ միջուկային զենք Ուկրաինայում»։

Մինչդեռ անկախ փորձագետները կարծում են, որ Բելառուսը կարող է թիրախ դառնալ, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը տեղափոխվի ավելի գլոբալ հարթություն` վերածվելով բախումների Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։ Նրանց կարծիքով, այդ դեպքում Բելառուսը դառնում է պոտենցիալ մարտադաշտ։ Ընդ որում, Պուտինը մարտավարական միջուկային զենք Բելառուսի տարածքում տեղակյալեու մասին հայտարարելիս շեշտել էր, թե դա անում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով։