Մատչելիության հղումներ

Գիշերը Կիևի և Դնեպրոպետրովսկի շրջանները դրոնների հարձակման են ենթարկվել


Ուկրաինա - Հրշեջ-փրկարարական աշխատանքները Կիևում, 28-ը մարտի, 2023թ.
Ուկրաինա - Հրշեջ-փրկարարական աշխատանքները Կիևում, 28-ը մարտի, 2023թ.

Այս գիշեր Ուկրաինայի Կիևի և Դնեպրոպետրովսկի շրջանները ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման են ենթարկվել, հայտնում են տեղական իշխանությունները։ Աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը, գրեթե բոլոր անօդաչուները խոցվել են։ Կիևում խանութներից մեկում պայթյուններ և հրդեհ է բռնկվել, զոհերի մասին տվյալներ չկան։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը պնդում են, որ երկրի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է գիշերը ռուսների արձակած իրանական կամիկաձե 13 անօդաչու թռչող սարքերից 12-ը, ինչպես նաև հետախուզական անօդաչու թռչող սարք։ Այդ թվում, ըստ ՀՕՊ-ի, մի քանի անօդաչու թռչող սարք է խոցվել Կիևի և Դնեպրոպետրովսկի շրջանների վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Տելեգրամ ալիքում հայտնել է քաղաքի երկու թաղամասերում պայթյունների մասին։ «Բոլոր ծառայությունները ճանապարհին են, մանրամասները՝ ավելի ուշ», - գրել է Կլիչկոն։

Նրա խոսքով՝ Սվյատոշինսկի թաղամասում «խանութ է այրվում»։ Ավելի ուշ Կիևի քաղաքապետը հայտնել է, որ պայթյունից և հրդեհից հետո, նախնական տվյալներով, տուժածներ չկան։ Կլիչկոն հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ծառայությունները:

Երեկ երեկոյան Ուկրաինայի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Կիևի և Դնեպրոպետրովսկի մարզերում, օդային տագնապ էր հայտարարվել։

XS
SM
MD
LG