«Բրիտանական արտադրության Challenger 2 մակնիշի տանկերն արդեն մեր երկրում են», - այսօր հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Ուկրաինական ռազմական գերատեսչության ղեկավարն այդ մասին գրել է Тwitter-ի իր օգտահաշվում՝ ընդգծելով, որ «այդ ֆանտաստիկ մեքենաները մոտ ապագայում կսկսեն մարտական առաջադրանքներ կատարել»։
Բրիտանական արտադրության զրահատեխնիկայի մատակարարման մասին Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել էր փետրվարի սկզբին։ «Challenger 2 տանկերին կցված ուկրաինական անձնակազմերը վերջին մի քանի շաբաթներին վարժանքներ էին իրականացնում Մեծ Բրիտանիայի տարածքում և հայրենիք են վերադարձել օրերս», - տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը։ Լրատվամիջոցը հիշեցնում է,որ Challenger 2 թվով 14 տանկերից բացի Լոնդոնը Ուկրաինա է առաքում նաև Bulldog մակնիշի 20 զրահամեքենա և АS-90 տեսակի հրանոթներ։