«Սա պատմական հանդիպում է մեզ համար». վաղը կկայանա Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը

Վաղը ժամը 21-ին իսպանացի մրցավար Խոսե Մարիա Սանչես Մարտինեսի սուլիչով Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմեկնարկի Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։

ՈւԵՖԱ-ի որոշմամբ խաղին ներկա չեն լինի թուրք երկրպագուները՝ անվտանգության նկատառումներով։ Հանդիպման բոլոր տոմսերը դեռ օրեր առաջ էին սպառվել, Հանրապետական մարզադաշտը ավելի քան 14 հազար հանդիսական է տեղավորում։

Երկու հավաքականներն այս խաղով կմեկնարկեն պայքարը եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում։ Մինչ այդ՝ այսօր երեկոյան երկու թիմերը նախախաղային մարզում կանցկացնեն, իսկ գլխավոր մարզիչներն ու ֆուտբոլիստները կպատասխանեն լրագրողների հարցերին։

Ֆավորիտի կարգավիճակ ունի Թուրքիայի ընտրանին, հարևան երկիրը խաղացողներ ունի եվրոպական մի շարք առաջատար ակումբներում։ Հավաքականի ավագն ու ամենաթանկ ֆուտբոլիստն իտալական «Ինտեր»-ում հանդես եկող Հաքան Չալհանողլուն է։

Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանը շեշտում է՝ տղաները պետք է թե՛ ֆիզիկապես, թե՛ էմոցիոնալ առումով պատրաստ լինեն բավականին ծանր խաղի. - «Պետք է հանուն արդարության նշենք, որ սա այն Թուրքիայի հավաքականը չէ, որը բրոնզե մեդալներ նվաճեց աշխարհի առաջնության ընթացքում կամ հասավ եվրոյի կիսաեզրափակիչ: Մենք բոլոր շանսերն ունենք պայքարելու և դրական արդյունքի հասնելու, վստահ եմ մարզիչը կունենա խաղային պլան այս խաղի համար: Ինչպես արդեն բազմիցս նշվել է, Պետրակովը արդյունքի միտված մարզիչ է, և կարծում եմ, որ նրա ձգտումը դեպի արդյունք, հնարավոր է տա իր պտուղները հենց առաջին խաղում»:

Մհեր Խուդավերդյանը շեշտում է՝ բարդ է լինելու, հավաքականն, ամենայն հավանականությամբ, կխաղա երկրորդ համարով՝ նախաձեռնությունը զիջելով և կփորձի հակագրոհներով հաջողության հասնել։

«Հաշվի առնելով, թե ինչպիսի արագ ֆուտբոլիստներ ունենք մենք, հակագրոհների վրա կարող ենք բավականին լուրջ վտանգ ստեղծել Թուրքիայի դարպասապահի համար», - ասաց նա:

Երկու Հավաքականները վերջին անգամ հանդիպել են 2009 թվականին թուրքական Բուրսայում։

Կխանգարե՞ն երկրպագուների մեծ ակնկալիքներն ու հանդիպման շուրջ թեժ քննարկումները ֆուտբոլիստներին։ Հայաստանի ընտրանու խաղացողները, խոսելով այս մասին, ասում էին՝ ճնշում չեն զգում։ Էդուարդ Սպերցյանի խոսքով՝ քննարկումները իրենց միայն մոտիվացնում են. - «Շատ ենք սպասում այս հանդիպմանը, լրջորեն նախապատրաստվում ենք, հուսով եմ՝ ամեն ինչ մեր օգտին կդասավորվի և կհաղթենք: Սա պատմական հանդիպում է մեզ համար, և մենք մաքսիմալ պրոֆեսիոնալ ենք մոտենում, իրար հետ շատ ենք խոսում խաղի մասին»: