Մատչելիության հղումներ

Հայաստան - Թուրքիա խաղին պատրաստվում են նաև երկրպագուները


Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ այս շաբաթ Երևանում կայանալիք հանդիպմանը պատրաստվում են ոչ միայն Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստները, այլև երկրպագուները։

800 ակտիվ անդամ ունեցող ՖԱՖ շարժման անդամները գիշերները լուսացնում են սպասվող ակցիաներին նախապատրաստվելով, պատմում է Արման Գասպարյանը. - «Շատ մեծ ակցիա ենք ունենալու, նաև էդ ակցիային ներգրավված են լինելու ամբողջ արևելյան տրիբունայի ժողովուրդը։ Լինելու են հատուկ թղթեր, էդ թղթերը պետք ա պարզել, հետևում գրած ա երբ, ինստրուկցիան ա գրած։ Նաև ունենալու ենք մեր երգի բառերը, որ մարդիկ կարողանան նաև մեր հետ երկրպագել, միանալ ու ամեն գնով մենք էլ որպես տասներկուերորդ խաղացող մեր ներդրումը ունենանք մեր թիմի հաղթանակի մեջ»։

Այս խաղով ընտրանիները կսկսեն պայքարը Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում։ Վերջին անգամ հավաքականները խաղացել են 2009-ին թուրքական Բուրսայում։ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, թուրք երկրպագուներ խաղին ներկա չեն լինի։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պարզաբանմամբ՝ անվտանգության նկատառումներով։

Ի՞նչ սպասել այս խաղից։ Ոչ-ոքին էլ լավ արդյունք կլինի, ասում է Արման Գասպարյանը. - «Պետք չի քաղաքականացնել էս խաղը։ Կարծում եմ, որ պետք ա մեր ֆուտբոլիստները կենտրոնանան իրանց խաղի վրա ու ամեն գնով փորձեն էդ ճնշումը, որ կա իրանց վրա, որ Թուրքիան ա, հանեն իրանց վրայից։ Կարծում եմ, մարզիչն էլ պիտի ճիշտ աշխատանք տանի էդ ուղղությամբ»։

Հավաքականի ֆուտբոլիստները խաղին ընդառաջ երեկ բաց մարզում անցկացրեցին, խոսեցին սպասվող դիմակայությունից։

«Շատ ենք սպասում այս հանդիպմանը, լրջորեն նախապատրաստվում ենք , հուսով եմ ամեն ինչ մեր օգտին կդասավորվի և կհաղթենք», - ասում է հավաքականի անդամ, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված 22-ամյա Էդուարդ Սպերցյանը։

Նրան դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրի խաղի մասին բուռն քննարկումները միայն մոտիվացնում են. - «Սա պատմական հանդիպում է մեզ համար, և մենք մաքսիմալ պրոֆեսիոնալ ենք մոտենում, իրար հետ շատ ենք խոսում խաղի մասին»։

21-ամյա Ժիրայր Շաղոյանը վստահեցրեց՝ թիմն ավելորդ ճնշում չի զգում. - «Մեր համար չկա ճնշում, քանի որ հերթական հանդիպումն է։ Կարևոր հանդիպում է, ինչպես որ մնացած մրցակիցները, քանի որ բոլորն էլ ուժեղ են՝ թե' Խորվաթիան, թե' Ուելսը։ Պիտի փորձենք բոլորին հաղթել»։

Այս հանդիպումը կարող է ավարտվել ցանկացած ելքով, կարծում է մարզական լրագրող Գևորգ Ղազարյանը. - «Չպետք է բացառել, որ կարող ես խոշոր հաշվով պարտվել, խոշոր հաշվով հաղթել, ու խաղալ ոչ-ոքի։ Սա դիմակայություն է, որտեղ որ ամեն ինչ հնարավոր է»։

Նրա խոսքով, վճռորոշ կլինի սառնասրտությունը, թե որ թիմը կտրվի կրքերին, որը կկարողանա դրանք կառավարել. - «Արդյո՞ք կկարողանան մեր տղաները իրենց գերլարումն ու գերցանկությունը հաղթել, ճիշտ հունի վրա դնել, այլ ոչ ամեն դրվագում բռնկվել, ամեն դրվագում կարծել, որ սա հանգուցալուծող իրավիճակ է՝ այստեղ կամ երբեք, պետք է տալ, հակառակորդի ոտքերը կոտրել»։

Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի նույն խմբում են նաև աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան, Ուելսն ու Լատվիան։ Եզրափակիչ փուլ դուրս կգան առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը։

XS
SM
MD
LG