Այսօր մեկնարկում է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի երկօրյա այցը Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը Թուրքիայի խորհրդարանի կողմից վավերացնելու հարցը։ Նրա հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ նախատեսված է մարտի 17-ին։
Էրդողանը նշաններ է ցույց տվել, որ Ֆինլանդիայի հայտը կվավերացվի, ու Նիինիստոյի հետ հանդիպմանը այդ մասին խոսելու է։ Երեկ խորհրդարանում ոտքի վրա պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թուրքիայի նախագահն ասել է, որ իրենց խոստումը կպահեն. - «Մենք անհրաժեշտ ընթացակարգերը, մեր բաժինը կանենք և կպահենք մեր խոստումը։ Մենք կհանդիպենք պարոն նախագահին և ինչ անհրաժեշտ է կանենք»:
Ակնկալվում է, որ մինչև ապրիլի կեսերը Թուրքիայի խորհրդարանն արձակուրդ կգնա։ Մայիսի կեսին Թուրքիայում խորհրդարանական ու նախագահական ընտրություններ են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի խորհրդարանը կարող է առաջիկա մեկ ամսում վավերացնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտըԷրդողանի գրասենյակի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Ֆինլանդիայի նախագահի այցի ընթացքում մայիսի 17-ին Ստամբուլում քննարկվելու են Թուրքիա-Ֆինլանդիա հարաբերությունների բոլոր ասպեկտները, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը։
Ֆինլանդիան ու Շվեդիան ցանկանում էին, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց հայտերը միասին վավերացվեն, սակայն վերջերս Անկարան ակնարկել էր, որ Հելսինկիի հայտը առանձին հնարավոր է բավարարվի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չավուշօղլու․ «Շվեդիան առայժմ որևէ համոզիչ քայլ չի ձեռնարկել»Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը երեկ Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցել Օլաֆ Շոլցի հետ։ Համատեղ ասուլիսում Շվեդիայի վարչապետն ասել է. - «Մենք կարծում ենք, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է այդպես կարծում, որ մենք պատրաստ ենք վավերացմանը, բայց հարգում ենք, որ Թուրքիայի որոշումը կարող է կայացնել միայն Թուրքիան»: Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի ընտրություններից հետո վավերացման գործընթացն արագորեն կկատարվի:
Գերմանայի կանցլերն ասել է, թե միանշանակ հստակ է, որ ողջունում են Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին: «Մենք ցանկանում ենք, որ նրանք երկուսն էլ դաշինքի անդամ դառնան շատ շուտ, և մենք առաջարկել ենք մեր աջակցությունը՝ բոլոր հնարավոր միջոցներով արագացնելու գործընթացը», - հայտարարել է Շոլցը՝ նշելով, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին կուժեղացնի դաշինքի ընդհանուր անվտանգությունը:
Ռազմական դաշինքներին միանալու հարցում ավանդաբար չեզոքություն ցուցաբերած Շվեդիան և Ֆինլանդիան, Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց հետո մտահոգվելով սեփական անվտանգությունն ապահովելու խնդիրներով, անցած տարվա մայիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրեցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցության համարԸստ ՆԱՏՕ-ի կանոնադրության՝ անդամակցող երկրների հայտը պետք է վավերացվի բոլոր անդամների կողմից, սակայն 30 անդամներից միայն Թուրքիան ու Հունգարիան մինչև հիմա չեն վավերացրել Շվեդիայի ու Ֆինլանդիայի հայտերը։ Անկարան նախապայմաններ է առաջ քաշել՝ պահանջելով այնտեղ ապաստանած քուրդ ակտիվիստների ու գյուլենականների, որոնց ահաբեկիչներ է համարում, արտահանձնումը Թուրքիային։
Շվեդիայում ահաբեկչության դեմ պայքարի նոր օրենքն ուժի մեջ է մտնելու հունիսի 1-ից։ Ստոկհոլմն ակնկալում է, որ մինչև հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլուծվի նաև իր հայտը վավերացնելու հարցը։