Բեռլինը կարևորում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ երկու կողմի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմամբ, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ գերմանական մայրաքաղաքում հյուրընկալելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Մոտ տասն օր առաջ Բեռլինում ընդունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Գերմանիայի առաջնորդը ազգերի ինքնորոշման իրավունքից էր խոսել, երկու անգամ շեշտել՝ ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ ինքնորոշման իրավունքը հավասարազոր են։
«Մեզ համար կարևոր է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական հակամարտությունը լուծում գտնի։ Խոսելով խաղաղ կարգավորման մասին՝ նշանակում է պետք է հաշվի առնել և ապահովել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - այսօր ասել է կանցլեր Շոլցը։
Նա միաժամաանկ ընդգծել է, թե պետք է պաշտպանվեն Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները միջազգային իրավունքին համապատասխան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շոլցի հայտարարությունը կարևոր է և օգտակար, բայց «պետք չէ շատ ոգևորվել»Եվրամիության առանցքային երկրի ղեկավարը հայտարարել է նաև, թե Բեռլինում անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանի անկայունությամբ, որտեղ «լարվածության աճի վտանգ կա»։
Շոլցը չի հստակեցրել՝ որ երկրի կողմից է այդ վտանգը, բայց խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված եվրոպական դիտորդների մասին, որոնց Բաքուն պարբերաբար քննադատում է։ Գերմանիայի առաջնորդը հատուկ ընդգծել է, որ Բեռլինն աջակցում է այդ առաքելությանը և ապահովում դրա ղեկավարումը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ ավելի վաղ Գերմանիայի նախագահի հետ հանդիպմանը քննադատել էր հայկական կողմին ոչ կառուցողական դիրքորոշման համար, հույս է հայտնել, թե Հայաստանը բաց չի թողնի երկկողմ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությունը. - «Եկել է խաղաղության ժամը։ Մենք Հայաստանին առաջարկել ենք խաղաղության պայմանագիր կնքել հինգ սկզբունքների հիման վրա։ Հուսով եմ՝ Հայաստանը բաց չի թողնի այդ հնարավորությունը, և Հարավային Կովկասում կգա խաղաղության և համագործակցության ժամը»։
Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ արդեն կորցրել է խաղաղություն կնքելու հնարավորությունը՝ ներկայացնելով տարածքային հավակնություններ։ Դա, ըստ Ալիևի, տեղի է ունեցել 44-օրյա պատերազմից առաջ։
«Պետք է նշեմ, որ ցավոք, իր ժամանակին Հայաստանի ներկայիս վարչապետը կորցրել է խաղաղության հնարավորությունը։ 2019 թվականին հայտարարել է՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ, ինչը փաստորեն եղավ խաղաղության բանակցային գործընթացի ամենամեծ հարվածը։ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ապացուցեցինք, որ Ղարաբաղը Ադրբեջան է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից և ոչ մեկի նկատմամբ. Ալեն ՍիմոնյանԳերմանիայի նախագահ Ֆրանկ -Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանն էլ Ադրբեջանի նախագահը կրկին պահանջել է անցակետ տեղադրել Լաչինի միջանցքի վերջնամասում՝ հայ-ադրբեջանական սահմանին։
Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ավելի վաղ մերժել էին այս առաջարկը, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած Ռուսաստանը ևս պնդել էր, թե նման դրույթ փաստաթղթում չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրով․ «Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրում չի նախատեսվում»Չնայած հայկական կողմի հերքումներին՝ Ադրբեջանի նախագահը Բեռլինում կրկին պնդել է, թե «Հայաստանը զինված ուժեր է պահում Ղարաբաղում և ապօրինի զենք-զինամթերք տեղափոխում»։
Ըստ Ադրբեջանի նախագահականի՝ Ալիևը պնդել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ շփումները շարունակվում են:
«Ադրբեջանի դիրքորոշումը բաղկացած է երկու մոտեցումներից՝ առաջինը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է, երկրորդը՝ երկխոսությունը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայերի հետ», - ասել է Ալիևը։
Նա, սակայն, չի հստակեցրել, որ Ստեփանակերտը մերժում է այդ հանդիպումներում Բաքվի առաջարկած վերաինտեգրման օրակարգը։
Ի դեպ, Իլհամ Ալիևն այսօր պնդել է, թե մարտի 5-ին, երբ ադրբեջանական հարձակման հետևանքով Ղարաբաղում երեք ոստիկան էր սպանվել, Ադրբեջանի ներկայացուցիչը հանդիպել է Ղարաբաղի հայերի հետ: Հայկական կողմը առայժմ այս հանդիպման մասին որևէ տեղեկություն չի հաղորդել, հստակ չէ՝ ինչ հանգամանքներում է այն կայացել։ Ալիևը միայն ասել է, թե Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու՝ շարունակելու շփումները «վերաինտեգրման և մի շարք ենթակառուցվածքային նախագծերի իրականացման շուրջ»: