Հաջիևը կրկին պնդում է՝ միջազգային մեխանիզմի ստեղծմանը Բաքուն երբեք չի համաձայնել

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության քննարկման միջազգային մեխանիզմի ստեղծումը չի կարող պայման լինել Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Դա ամենևին անընդունելի և վտանգավոր մոտեցում է», - ասել է Հաջիևը ադրբեջանական Report գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա պնդմամբ՝ այդ մասին խոսք լինել չի կարող, Բաքուն երբեք դրան չի համաձայնել, և Երևանի պնդումներն այդ կապակցությամբ անտրամաբանական են, ուղղված են «արհեստական լարվածություն ստեղծելուն»։

«Ադրբեջանն իր ինքնիշխանության հետ կապված հարցեր չի քննարկի մեկ այլ երրորդ կողմի, այդ թվում՝ Հայաստանի հետ», - ասել է Իլհամ Ալիևի օգնականը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել. ԱԽ քարտուղար


Հաջիևը նաև հայտարարել է, թե իր տարածք հրավիրելով Եվրամիության առաքելությանը՝ Հայաստանը կարող է սրել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։

«Եվրամիության առաքելության մանդատում նոր կետերի ընդգրկումը, ի հավելումն նրանց, որոնք համաձայնեցվել էին 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի բանակցություններում, մեզ համար անսպասելի էր և, անկեղծ ասած, առաջացրեց մեր անվստահությունը։ Երկու ամսից հետո հապճեպ ստեղծվեց նոր առաքելություն, այս անգամ՝ երկու տարի ժամկետով», - նշել է Ալիևի օգնականը:

Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է իր տարածք հրավիրել ԵՄ և այլ երկրների առաքելություն, «բայց քանի որ առաքելությունը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին, անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի դիրքորոշումն ու մտահոգությունները»։

«Այդ առաքելությունը քաղաքացիական չէ, ինչպես հայտարարվել էր, այն ներառում է նախկին զինվորականների և ոստիկանների», - ասել է Հաջիևը՝ կարծիք հայտնելով, թե «Հարավային Կովկասի տարածաշրջանը չպետք է լինի աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում ԵՄ առաքելությունը գործարկել է իր նոր կենտրոնակայանը Եղեգնաձորում