Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն որակելով Բաքվի պնդումը, թե մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Բաքվի պնդումը հերքել է նաև Ստեփանակերտը։ Պաշտպանության բանակը հերթական ապատեղեկատվություն է համարել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Շուշիի, Մարտունու, Ասկերանի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարությունը, մասնավորապես, հայտարարել է, թե մարտի 8-ի երեկոյան և անցած գիշերը Հայաստանի ու Ղարաբաղի տարածքից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից կրակ է բացվել ադրբեջանական մի շարք շրջանների դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը «համարժեք պատասխան է տվել»։
Ադրբեջանի մեկնաբանությամբ, «պարբերաբար գնդակոծելով ադրբեջանական դիրքերը, Հայաստանի զինված ուժերը պատասխան կրակ են սադրում՝ փորձելով սխալ տպավորություն ձևավորել «պայմանական սահմանին» գործող Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների մոտ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիության դիտորդներն այսօր ժամանել են Հայաստան