Պետական դավաճանության համար մեղադրանք է առաջադրվել մայոր Ա․Ն․-ին, նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Դատախազությունը որոշ մանրամասներ է հաղորդում՝ նշելով, որ մայոր Ա․Ն․-ն գերության մեջ է հայտնվել 2021-ի հուլիսին։ Բաքվի բանտերից մեկում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցելու գրավոր համաձայնագիր է ստորագրել և Հայաստան վերադառնալուց հետո 20 հազար ԱՄՆ դոլարի դիմաց նրանց պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է փոխանցել։
Դատախազությունը տեղեկացնում է, որ մայորը գերի է ընկել Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում՝ մարտական դիրքեր սնունդ տեղափոխելու ընթացքում․ եղանակային վատ պայմանների պատճառով նա «Սև լճի» հատվածում, մեկ այլ զինծառայող՝ Ա.Տ.-ի հետ, «Ուրալ»-ով հայտնվել է հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, գերեվարվել և տեղափոխվել է Բաքու:
Ըստ դատախազության՝ մայորը, 2021-ի սեպտեմբերի 7-ին վերադարձել է Հայաստան և 2021-ի դեկտեմբերին նշանակվել է ՊՆ N զորամասում՝ որպես կոմունալ շահագործման ծառայության պետ և պաշտոնավարման ընթացքում էլ հավաքագրվել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է հանձնել պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ են Հայաստանի Զինված ուժերում հաճախակի դարձել պետական դավաճանության դեպքերը