Արցախի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է պետական դավաճանության նոր դեպք բացահայտելու մասին:
Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արցախի բնակիչ, ՊԲ N զորամասի զինծառայողը 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից՝ պարտավորվելով վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ:
Վերջինս, ըստ հայղորդագրության, հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իր ծառայության վայրի, ստորաբաժանման ուղղվածության, տեսակի և քանակի, առկա զինատեսակների, հրամանատարական կազմի, մարտական դիրքերի և մարտական հերթապահության վերաբերյալ, «այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Արցախի տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը»:
Նրան ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: