Մատչելիության հղումներ

Ենթադրյալ «պետական դավաճանության» դեպքերը մի շարք հարցեր են առաջացնում. ԱԱԾ-ն ու Դատախազությունը, սակայն, չեն մանրամասնում


ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Իրավապահներն անպատասխան են թողնում հարցը, թե ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանի երկու քաղաքացիների պետական դավաճանության մասին հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ նրանք հրապարակային հայտարարություն են արել Ադրբեջանի քաղաքացի դառնալու մտադրության մասին։ Օրեր առաջ Դատախազությունն էր այդ մասին հաղորդագրություն տարածել։ Քաղաքացիների հայտարարությունները, թե պատրաստ են ադրբեջանցի դառնալ, իրավապահները որակել էին պետական դավաճանություն։

«ՀՀ քաղաքացի Վահե Ղամբարյանը, 2017թ. հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ տեսակի օգնություն է ցույց տվել նրանց, իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի դեսպանության աշխատակիցների հետ, իսկ 2022թ. հունիսի 7-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ՀՀ-ից հեռանալուց հետո օգոստոսի 7-ին տեսաուղերձով դիմելով Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ հայտարարել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և ցանկանում է ստանալ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն: Այդ կերպ կատարվել Է պետական դավաճանություն, որն արտահայտվել է թշնամու կողմն անցնելով, լրտեսությամբ՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության», - ասված էր հաղորդագրության մեջ:

Դատախազությունից և ԱԱԾ-ից հրաժարվում են պատասխանել «Ազատության» հարցերին՝ եթե Ղամբարյանը հավաքագրվել է հինգ տարի առաջ, ինչո՞ւ իրենք քայլեր չեն ձեռնարկել և թողել են, որ այս ընթացքում Հայաստանում ապրի, հետո էլ երկրից անարգել հեռանա։ Արդյո՞ք հետախուզական ծառայությունները թերացել են ենթադրյալ դավաճանությունն ավելի վաղ բացահայտելու հարցում, «Ազատության» հարցմանը Դատախազությունից ուղիղ պատասխան չեն տվել՝ նախաքննական գաղտնիքը վկայաբերելով։

«Հայտնում ենք, պետական դավաճանության դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներով թույլատրելի տեղեկատվությունն արդեն իսկ պաշտոնապես հրապարակվել է: Ուստի, այդ կապակցությամբ հայցվող տեղեկությունները տրամադրվել չեն կարող, քանի որ ակնկալվող տեղեկությունները հանդիսանում են քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ», - փոխանցել են Դատախազությունից։

Նույնաբովանադակ պատասխան «Ազատությունն» ստացել է նաև ԱԱԾ-ից։

Պետական դավաճանության մեջ մեղադրվողներից մեկը՝ Վահե Ղամբարյանը, ծնվել ու ապրել է Վանաձորում։ 2019-ին տունը վաճառելուց հետո մոտ մեկուկես տարի հարևանի՝ Յուրի Գևորգյանի բակում՝ մի հնամաշ բազմոցի վրա, իսկ ձմռանը հին ու չգործածվող վոլգայում է քնել։ Յուրին ու նրա կինը՝ Քնարիկ Ներսիսյանն ասում են՝ Վահեն հայերեն գրագրություն չիմացող տարեց հարևաններին օգնում էր իրավական հարցերում։ Դրա դիմաց նրան տեղ են տվել իրենց բակում, երբեմն եփած ճաշից բաժին հանել. «Կոֆե էինք տալիս, մի բան եփում` ճաշ տալիս, ասում էի` գնա, աշխատի, չէր աշխատում` ես գրող եմ… Շորերը, որը փոխում էր, սառոչկա էի տալիս, շալվար, մեկը ճղում էր, մեկը հագնում էր»:

Լոռու մարզային հոգե-նյարդաբանական դիսպանսերից ասում են՝ Վահե Ղամբարյանն իրենց մոտ երբևէ գրանցված չի եղել, հոգեկան հիվանդության գանգատներով չի դիմել, բայց հարևանների պնդմամբ` վերջին տարիներին՝ ծնողների մահից հետո, իրեն տարօրինակ էր պահում` չէր աշխատում, չքավորության մեջ էր ապրում, հարևանների հետ վեճեր ունենում. «Մոմենտներ կային, ես իրեն չհասկացա` ինչ ձևի մարդ էր, ինչ էր»:

Շատերը տեղյակ չէին, որ նախկին հարևանին հիմա լրտեսության մեջ են մեղադրում։ Նրանց վերջին տեղեկություններով՝ Վահեն Վրաստանում էր։ Ուրիշները թե՝ Ռուսաստան է գնացել. հատուկ համակրանք ուներ Ռուսաստանի նախագահի նկատմամբ, ասում են. «Տենց բան չէինք սպասում: Պուտին-Պուտին էր գովում, Ռուսաստան էր գովում, բայց որ Ադրբեջան, չգիտեմ, զարմանալի էր»:

Իրավապահ մարմիններն անպատասխան են թողնում նաև հարցը՝ ինչպե՞ս է չքավորության մեջ ապրած հայաստանցուն հաջողվել հատել պետական սահմանը, ի՞նչ անձնագիր էր նրա ձեռքին Ադրբեջանի քաղաքացի դառնալու մտադրության մասին հայտարարելիս, եթե ընտրողների ռեգիստրում նման անուն-ազգանունով նրա տարիքի քաղաքացի չկա։ 2019-ին Վանաձորի տունը վաճառելուց հետո այլ սեփականություն չի գնել, որևէ տեղ գրանցված չի եղել, պնդում են հարևանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG