Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է պետական դավաճանության հերթական դեպքը բացահայտելու մասին, եռամսյա հավաքներին մասնակցած զինծառայողը ձերբակալվել է։
Ըստ ԱԱԾ-ի՝ 2021-ի օգոստոս-նոյեմբեր ամիսներին Պաշտպանության նախարարության եռամսյա հավաքներին մասնակցած զինծառայող, շարքային Է.Ա-ն, կարճ ժամանակով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021-ի հոկտեմբերին Ֆեյսբուքի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող անձի հետ, Վոթսափի միջոցով հավաքել և նրան է հանձնել իրեն վստահված դիրքի, դրա կոնկրետ տեղակայման, դիրքապահ անձնակազմի քանակի, սպառազինության, դրանցում ծառայության անցկացման կարգի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնց դիմաց ստացել է իբր իր զրուցակցի մերկ լուսանկարները:
Նախաքննությունը շարունակվում է, ասված է հաղորդագրությունում։