Հունաստանում շարունակվում են բողոքի ցույցերը, դրանք ուղեկցվում են բախումներով

Հունաստան - Ցուցարարների և ոստիկանների բախումները Աթենքում, 5-ը մարտի, 2023թ.

Հունաստանում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։

Կիրակի օրը հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել Աթենքի փողոցներ։ Նրանք հարյուրավոր սև փուչիկներ են բաց թողել երկինք՝ ի հիշատակ նախորդ շաբաթ տեղի ունեցած երկաթուղային աղետի զոհերի։

Հունաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը հաշվարկել է, որ կիրակի օրը ցույցերին մասնակցել է մոտ 12 հազար մարդ։ Ցուցարարներից ոմանք հրկիզել են աղբամաններ ու «Մոլոտովի կոկտեյլներ» նետել։ Ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով և ձայնային նռնակներով:

Բողոքի ակցիաները շարունակվում են մարտի 2-ից։ Միաժամանակ Հունաստանում սկսվել է երկաթուղայինների գործադուլը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գործադուլներ, ցույցեր, բախումներ Հունաստանում

Արհմիությունների ղեկավարներն ասում են, որ վթարի պատճառ են դարձել քրոնիկ խնդիրները և գործոնների միախառնումը՝ ներառյալ անձնակազմի և սարքավորումների պակասը:

Հունաստանի երկաթուղայինները պնդում են, որ 2000 թվականից իշխանությունները ծախսել են ավելի քան 20 միլիարդ եվրո՝ երթևեկության անվտանգության ժամանակակից էլեկտրոնային համակարգեր տեղադրելու համար, սակայն նախագիծն ամբողջությամբ չի իրականացվել, իսկ տեղադրված սարքավորումները չեն աշխատում։

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հայտարարությունը, թե ողբերգությունը տեղի է ունեցել «մարդկային ողբերգական սխալի» հետևանքով, զայրույթ է առաջացրել։

Միցոտակիսը ներողություն է խնդրել երկաթուղային վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներից և հարազատներից։

Հունաստանում մարտի լույս 1-ի գիշերը մարդատար և բեռնատար գնացքների բախվելու հետևանքով, վերջին տվյալներով, 57 մարդ է մահացել։