Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, 85-ը՝ վիրավորվել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Երկու գնացքների բախումը շատ հզոր է եղել, տեղական լրատվամիջոցներին հայտնել է Թեսալիայի նահանգապետ Կոնստանտինոս Ագորաստոսը։ Ըստ նրա՝ մարդատար գնացքի առաջին չորս վագոնները դուրս են եկել ռելսերից, իսկ առաջին երկու վագոնները, որոնք բռնկվել են բախումից, «գրեթե ամբողջությամբ ոչնչացել են»։
Մարդատար գնացքը մայրաքաղաք Աթենքից ուղևորվում էր դեպի Սալոնիկ քաղաք։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքի վայրում աշխատում է 17 մեքենա, որոնք փորձում են մարել կրակը, փրկել ուղևորների կյանքը։
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է երեքշաբթի գիշերը տեղի ունեցած բախման պատճառը։