«Բա ծնողը չիմանա՝ իր երեխան ինչից է մահացել, դեռ մեղադրյալ չկա». ազատանցի զինվորի հարազատները նախարարին են պահանջում

Շարքային Պալյան Պողոսյանն այսօր պետք է բանակից տուն վերադառնար։ Մոր հեռախոսին օրերի հաշվարկն է՝ ծառայության 730 օրը լրացավ։

Գալյա Այվազյանը, սակայն, ամիսներ շարունակ չի ստանում իրեն տանջող հարցերի պատասխանը՝ ինչո՞ւ մարտական դիրքում չհաջողվեց ժամանակին մարել հրդեհը, ինչո՞ւ ժամանակին տղային չհասցրին հիվանդանոց. մոր ինչուների շարքը երկար է. «Դու՝ որպես ծնող հարց ես բարձրաձայնում, թե միգուցե դիվերսիա է եղել, ասում են՝ ոչ, հնարավոր չէ դիվերսիա եղած լինի: Բենզին է օգտագործվել, մինչև այսօր պարզված չէ՝ բենզինն օգտագործվել է, թե ոչ»։

Ազատանցի 19-ամյա զինվորը անցած հուլիսին Սյունիքի մարտական դիրքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ծանր այրվածքներ էր ստացել ու տասն օր անց մահացել հիվանդանոցում։ Պալյանի հարազատներն ու նրանց համագյուղացիները այսօր փակել էին Գյումրի-Երևան ճանապարհը ու հանդիպում էին պահանջում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

«Ես Սուրեն Պապիկյանի զանգին եմ սպասում, որ պատասխան տա, թե ինչու իմ երեխան այսօր չի եկել: Յոթ ամիս եղավ, իմ երեխու դեպքը պատահել է, բա ծնողը չիմանա՝ իր երեխան ինչից է մահացել, ով է սպանել, ինչ են արել: Իմ երեխան 10 օր հիվանդանոց է պառկել», - ասում էր մահացած զինվորի հայրը՝ Ջիվան Պողոսյանը. «Սուրեն Պապիկյանի բանակի հավայի բարդակության երեսից է իմ երեխան այս վիճակին հասել, ու Սուրեն Պապիկյանը պիտի պատասխան տա, թե ինչու իմ երեխան տուն չի գալիս»:

Նա նշում էր՝ ծայրահեղ այս քայլին են դիմել, քանի որ ամիսներ շարունակ միայն խոստումներ են լսել, որ նախարարը շուտով իրենց կընդունի, սակայն այդ հանդիպումը այդպես էլ չի կայացել։

Ծնողների հետ բանակցում էր մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանը, ի վերջո համաձայնության եկան, որ ճանապարհը բացեն։ Մոտ մեկ ժամ էլ զրուցեցին Պողոսյանների տանը։ Պաշտպանության նախարարությունից ընտանիքին փոխանցեցին, որ նախարարի հետ հանդիպումը հաջորդ շաբաթ կկայանա։

Հայրն ասում է՝ եթե այս անգամ էլ խաբեն, ծայրահեղ այլ քայլերի կդիմեն։

Նախաքննությունից 7 ամիս անց միայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն են ստացել, որն ըստ ծնողների՝ ոչ թե իրենց կասկածներն է ցրել, այլ նոր հարցեր առաջ բերել. «Հարցեր, մենք ոչ մի պատասխան չենք ստացել, չգիտենք՝ դիտավորություն է եղել, ով է եղել, ինչ է եղել»:

Այս դժբախտ դեպքից յոթ ամիս անց քրեական գործով մեղադրյալներ կամ կասկածյալներ չկան, Քննչական կոմիտեից միայն փոխանցում են, որ նախաքննություն է ընթանում։ Ծնողները պահանջում են, որ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն. «Արդեն ութ ամիսը կլրանա, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ում թեթև ձեռքով իմ երեխան կյանքից հեռացավ»:

Վստահ են՝ եթե իրենց որդու դեպքը բացահայտված լիներ ու մեղավորներն էլ պատժվեին, ապա պատասխանատուները ավելի զգոն կլինեին, ու միգուցե չլիներ հունվարի 19-ին Ազատի զինվորական կացարանի հրդեհը, որի հետևանքով ևս 15 զինվոր մահացավ։