Օրեր առաջ ծանր այրվածքներ ստացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը երեկ մահացել է, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Ռազմական գերատեսչությունը ողբերգական դեպքի մասին միայն 8 օր անց՝ շաբաթասկզբին էր հայտնել, երբ զինվորի վիճակը արդեն ծայրահեղ ծանր էր։
Ժամկետայինն այրվածքները ստացել էր վագոն-տնակում վառարանից բռնկված հրդեհը մարելիս, հայտնել էին Պաշտպանության նախարարությունից։
20-ամյա Պողոսյանը Շիրակի մարզից էր, Ազատան գյուղից։ Զորացրվելու էր ձմռանը, ասում է Ազատանի վարչական ղեկավար Գագիկ Պողոսյանը։ Նա երկու քույր ունի։ Սովորում էր Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում։
«Սկզբնական շրջանում վիճակը, ծնողները ասում էին, լավ էր, գնահատում էին բավարար, վերջին օրերին արդեն վիճակը ավելի վատացել է», - նշեց Պողոսյանը:
Մահացած զինծառայողը հուլիսի 17-ին ընդունվել էր Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ընդ որում՝ Պաշտպանության նախարարությունը չէր հաղորդել, որ պատահարից ևս մեկ զինծառայող է տուժել։ Այսօր նախարարի խոսնակը պատճառաբանեց, թե մյուս զինծառայողի վիճակը թեթև է եղել։ Դա է պատճառը, որ չեն հայտնել նրա մասին։ Ըստ Արամ Թորոսյանի, այդ զինվորի կյանքին վտանգ չի սպառնում, ապաքինվում է։
Վերջին շրջանում որպես կանոն, առողջական խնդիրների և ավտովթարի հետևանքով զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվում, կամ հաղորդում են միայն օրեր անց, նկատում է Զինված ուժերում մարդու իրավունքներով զբաղվող իրավապաշտպան Արմինե Սադիկյանը։
«Երբեմն, եթե դրանք տեղի են ունենում ինքնասպանության կամ սպանության դեպքերով, ապա անմիջապես որակում են որպես ինքնասպանության հասցնելու փորձ, իսկ դժբախտ պատահարների, ատովթարների և հատկապես առողջական վիճակի հիմքով դեպքերով շատ ուշ են հրապարակում, երբեմն միայն այն դեպքում, եթե հասարակական կազմակերպությունները կամ լրատվամիջոցները որևէ տեղից տեղեկանում են ու հարցադրումներ են անում», - նշեց Սադրկյանը:
Արդյոք զինվորները ժամանակին են առաջին բուժօգնություն ստացել, արդյոք դիրքում պահպանվել են անվտանգության կանոնները, հետաքրքրվեցինք պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարից, Թորոսյանն ասաց՝ այս հարցերն իր լիազորությունների տիրույթում չեն։ Նախաքննություն է ընթանում։ Իսկ Այրվածքաբանության ազգային կենտրոնից կտրուկ հրաժարվեցին որևէ տեղեկություն տրամադրել նաև այս պահին կենտրոնում գտնվող մյուս ժամկետային մասին՝ առանց հստակ պատճառաբանության։
Իրավապաշտպանը Զինված ուժերում լուրջ ու կոնկրետ բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում
«Շատ տարօրինակ է և անհեթեթ իրավիճակ է, երբ այդ սարսափելի պատերազմից հետո ևս ներքին խնդիրների պատճառով, կապ չունի դժբախտ պատահար է, ավտովթար է, որովհետև դրանք էլ ունեն իրենց պատճառները, մենք այսքան զինծառայողների մահվան դեպքեր ենք ունենում» - ասաց իրավապաշտպմանը:
Հելսինկան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ այս տարի բանակում մահացության դեպքերի մեծ մասը՝ 70 տոկոսը ոչ մարտական պայմաններում է արձանագրվել, իսկ 30 տոկոսը հրադադարի խախտման հետևանքով։ Այս վիճակագրությունը տարիներ շարունակ գրեթե անփոփոխ է, ասում է իրավապաշտպանը։ Սադիկյանը Զինված ուժերում լուրջ ու կոնկրետ բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում։
«Բավականին մտահոգիչ է, և պատճառը, որ այս խնդիրները չեն վերանում, Զինված ուժերի համակարգային բարեփոխման բացակայությունն է միանշանակ», - ընդգծեց Արմինե Սադիկյանը:
Իրավապաշտպանը նաև ընդգծում է՝ բանակում տեղի ունեցած միջադեպերով հարուցված քրեական գործերը հիմնականում կարճվում կամ կասեցվում են, կամ էլ դրանք լուրջ հետևանքներ չեն ունենում։
«Դանդաղ են ընթանում, այսինքն, արդյունքների մասին մենք երբ որ պաշտոնական տեղեկություններ ենք ստանում, տեսնում ենք, որ էդպես մեծ բան չի փոխվել՝ կա՛մ քրեական գործերը կասեցվել են, կա՛մ կարճվել են որոշակի հիմնավորումների պատճառով, կա՛մ չկան այնպիսի շոշափելի արդյունքներ, որ կարող ենք հետևություններ անել, որ արդյունավետ քայլեր են արվում», - ասաց Սադիկյանը:
Քննչական կոմիտեում մինչ զինվորի մահը քրեական գործ է հարուցվել ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով, որն անզգուշությամբ մարդու առողջությանը ծանր վնաս է պատճառել։ Նախաքննությունը շարունակվում է, կասկածյալներ ու մեղադրյալներ այս պահին չկան։