Արցախի անվտանգության խորհուրդը որոշ մանրամասներ է ներկայացրել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը հանդիպել են մարտի 1-ին ժամը 11-ին խաղաղապահ զորախմբի շտաբում՝ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ։
Հանդիպմանը մասնակցել են Արցախում և Ադրբեջանում ձևավորված աշխատանքային խմբերը։
Հայկական կողմից աշխատանքային խումբը ղեկավարում է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, ադրբեջանականից՝ Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները այսօր ևս հանդիպել ենԽմբերը քննարկել են Արցախում բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը և հետագա գազանջատումների բացառումը, Արցախի էլեկտրամատակարարման վերականգնման նպատակով Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վերանորոգման համար Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում արցախցի մասնագետների աշխատանքների ապահովումը, Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպումը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացումը։
Հայաստանից Արցախ հոսանք չի մատակարարվում ավելի քան 1.5 ամիս։ Ստեփանակերտում ու շրջաններում տեղական հոսանք են սպառում, ինչի հետևանքով հովհարային անջատումներ են։ Ձմռան ցրտին Ստեփանակերտից պարբերաբար ահազանգում են գազի պարբերական անջատումների մասին։
«Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցեր չեն քննարկվել»
Արցախա-ադրբեջանական շփումներում հակամարտության համապարփակ կարգավորմանն առնչվող հարցեր, ըստ ԱԽ-ի, չեն քննարկվում, հայտարարում է Արցախի անվտանգության խորհուրդը՝ հակադարձելով՝ ադրբեջանական խմբի ղեկավարի հայտարարությանը, թե հանդիպմանը քննարկվել են «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցեր»։
Արցախի անվտանգության խորհուրդը մանրամասնում է՝ ադրբեջանական խմբի ղեկավարը հանդիպման սկզբում փորձել է զրույցը տանել Ադրբեջանին Արցախի ինտեգրման անհրաժեշտության ուղղությամբ՝ ներկայացնելով այդ դեպքում հնարավոր սոցիալ-տնտեսական առավելությունների ստացման հեռանկարներ, սակայն դրան, ըստ ԱԽ-ի, արցախյան խմբի ղեկավարը հակազդել է՝ հորդորելով քննարկում իրականացնել հստակ առաջադրված հարցերով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պատրաստ է «Ղարաբաղում բնակվող հայերի ինտեգրացիային ադրբեջանական հասարակությանը». ԲայրամովՇահրամանյանն ընդգծել է նաև, որ հումանիտար ու ենթակառուցվածքային հրատապ հարցերով այդ շփումները չեն կարող անդրադառնալ հակամարտության համապարփակ կարգավորման հիմնական հարցերին, և դրա համար անհրաժեշտ է ձևավորել միջազգային լայն աջակցությամբ ձևաչափ:
Հանդիպմանը քննարկվել են միայն Արցախի շրջափակման ու դրան առնչվող խնդիրների վերացման քայլերը, պնդում է Ստեփանակերտը։
«Գյանջայում կամ Աղդամում նախատեսված հաջորդ հանդիման մասին լուրն ապատեղեկատվություն է»
Ադրբեջանական մամուլում շրջանառվող ևս մեկ տեղեկություն, թե կողմերի պաշտոնական ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը «կարող է տեղի ունենալ Գյանջայում կամ Աղդամում», ընդ որում՝ առանց ՌԴ խաղաղապահ զորակազմի մասնակցության, Ստեփանակերտը կրկին ապատեղեկություն է որակում։
ԱԽ-ն նշում է, որ քննարկման արդյունքներով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը պարտավորվել է զեկուցել վերադաս մարմիններին և առաջիկա օրերի ընթացքում, խաղաղապահ զորախմբի միջոցով, արդյունքների մասին տեղեկացնել արցախյան կողմին։
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել նաև կողմերի միջև հետադարձ կապի կայուն մեխանիզմի ձևավորման պայմանավորվածություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց»․ Արայիկ Հարությունյան