Զոհվել է երկու ուկրաինացի փրկարար, խոցվել է մեկ ռուսական օդանավ
Փետրվարի 27-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմի 369-րդ օրը, Ժնևում գումարվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստը, որի ընթացքում սուր քննադատություն է հնչեցվել Ռուսաստանի հասցեին:
«Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումն առաջացրել է մարդու իրավունքների ամենազանգվածային խախտումները, որոնց ականատեսն ենք այսօրվա դրությամբ»,- այսօր ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Օրը մեկնարկել է հերթական օդային տագնապով: Ռուսները Shahed-136 տեսակի իրանական արտադրության անօդաչուներով հարվածներ են հասցրել Խմելնիցկի ավանին և այլ բնակավայրերին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժնևում բացվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի տարեկան նստաշրջանըԽմելնիցկիում, ըստ շրջանային ռազմական վարչության ղեկավար Սերհի Համալիի, զոհվել է երկու փրկարար:
Ուկրաինայի գլխավոր շտաբի փոխանցմամբ, ՀՕՊ-ը վայր է գցել 14 անօդաչուներից 11-ը: Կիևում առնվազն 9 ԱԹՍ է խոցվել, մայրաքաղաքում տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:
Ռուսները շարունակում են ակտիվ հարձակողական գործողությունները Դոնեցկի շրջանում Բախմուտի և Ավդեևկայի, իսկ Խարկովի շրջանում՝ Կուպյանսկի ուղղությամբ:
Ուկրաինացիները հայտնում են վերջին ժամերին Ավդեևկայի մոտակայքում մեկ Սու-25 ռուսական օդանավ վայր գցելու մասին: Գլխավոր շտաբը դրա բեկորների լուսանկարն է հրապարակել, օդաչուի ճակատագրի մասին տեղեկություն չկա:
Ռուսներն անտեսում են զոհերի թիվը և ամեն գնով ուզում են գրավել Բախմուտը
Ենթադրվում է, որ Բախմուտը գործնականում ամբողջությամբ ավերվել է: Այն, ըստ վերլուծաբանների, ռուսների համար ռազմավարական տեսակետից չափազանց կարևոր նշանակություն չունի, բայց Կրեմլին դրա գրավումն անհրաժեշտ է որպես հաջողության խորհրդանիշ, որը կարող է ոգևորել այդ մսաղացում զանգվածաբար կոտորվող ռուս զինծառայողներին:
Նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է ինչ-որ կերպ արդարացնի կորուստները, հպատակներին համոզի, որ նենգ Արևմուտքն է մեղավոր, և պայքարը հայրենիքը փրկելու համար է:
«Եվ պետք է միայն հաղթել, այլապես՝ եթե Ռուսաստանը պարտվի Ուկրաինայում, չար ուժերը կգան ու կմասնատեն մայր հայրենիքը»,- այդ մասին նա ասել է երեկ «Ռոսիա-1» հեռուստակայանի թղթակցին տված հարցազրույցում:
«Դե կլինեն մոսկվացիներ, ուրալցիներ և այլք, դա էր նրանց ծրագիրը, այն գրված է թղթի վրա, մենք փորձել ենք մեր բանակցություններում՝ հանուն գործընկերության կայացման, դրան չանդրադառնանք, բայց դա կա թղթի վրա»,- պնդել է Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարի համոզմամբ, Արևմուտքն ի սկզբանե հետապնդել է Խորհրդային Միությունը և դրա ողնաշարը՝ Ռուսաստանի Դաշնությունը կազմաքանդելու նպատակ:
«Դրանից հետո նրանք մեզ գուցե կընդունեն այսպես կոչված «քաղաքակիրթ ժողովուրդների» ընտանիք, բայց միայն մաս-մաս, առանձին: Ի՞նչ նպատակով՝ որ նվաստացման ու հսկողության տակ առնեն այդ հատվածները»,- հայտարարել է Պուտինը:
Ռուսական բանակում 130-270 հազար անդառնալի կորուստ
Մինչդեռ, երկու կողմերն էլ գուցե հավասարաչափ շատ ծանր կորուստներ են կրում և գերադասում են վիճակագրություն չներկայացնել:
Conflict Intelligence Team կենտրոնի հիմնադիր Ռուսլան Լևիևը «Նաստոյաշչեե վրեմյա» ծրագրի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ռուսների անդառնալի կորուստները հասնում են 130-ից 270 հազարի: Խոսքը սպանվածների և ծանր վիրավորման բերումով զորացրվածների մասին է:
Նրա խոսքով, կորուստների թեման շատ ցավոտ է Կրեմլի համար: Առաջին անգամ պատերամզի մեկնարկից մի քանի օր անց՝ 2022 թվականի մարտի 2-ին է Պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտնել, որ զոհվել է 498 զինծառայող:
Ապա նույն տարվա մարտի 25-ին զինված ուժերի գեներել-գնդապետ Սերգեկ Ռուդսկոյը հաղորդել է 1351 զոհի մասին:
«Փողը հետո կաշխատես, բայց սպանվածների կյանքը չես վերադարձնի»
Երրորդ անգամ՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին, մասնակի զորակոչի հրամանագրի արձակման օրը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հաղորդել է «հատուկ ռազմական օպերացիայի» ընթացքում 5937 սպանվածների մասին: Դրանից հետո անցել է 5 ամիս, Մոսկվան ոչ մի նոր թիվ չի հրապարակել:
«Կորուստն ամենադաժան գինն է, որը մեր երկիրը վճարում է Պուտինի քաղաքական արկածախնդրության համար: Փողը մի կողմ, սանկցիաներ, ռուբլու արժեզրկում և այլն: Փողը հետո կարելի է աշխատել, բայց սպանվածների կյանքը չես վերադարձնի: Եվ դա ոչ միայն սպանվածների հարցն է, դա քայքայված ընտանիքներ են, երեխաներ, որ մնում են առանց հայրերի, դա, իհարկե, չափազանց կարևոր է»,- ասել է Լևիևը: