Արցախում ներքաղաքական իրավիճակը սրվում է. խորհրդարանական ընդդիմադիր 3 ուժերը բոյկոտում են ԱԺ նիստը

Արցախի խորհրդարանի շենքը Ստեփանակերտում, արխիվ

Պետնախարար Ռուբեն Վարդանյանի սպասվող պաշտոնանկության լուրերին զուգահեռ Արցախում ներքաղաքական իրավիճակը սրվում է։ Խորհրդարանական ընդդիմադիր 3 ուժերը ՝ «Արդարություն», Դաշնակցություն և Ժողովրդավարական կուսակցությունները այսօր հայտարարեցին, որ բոյկոտում են Ազգային ժողովի նիստը։ Այդ մասին նիստերի դահլիճում տեղեկացրեց դաշնակցական պատգամավոր Դավիթ Իշխանյանը։

«Հաշվի առնելով ներքաղաքական ընդհանուր խնդիրները, նաև այն մարտահրավերները, որ մեր առջև են՝ երեք քաղաքական ուժերով երեկ հավելյալ քննարկումներ ենք կայացրել և որոշել, որ այսօրվա նիստին մեր մասնակցությունը չենք ապահովելու», - հայտարարեց Իշխանյանը:

Ընդդիմադիր ուժերը երեկ նաև հայտարարել էին, որ պատերազմից հետո Արցախում ստեղծված ճգնաժամային խնդիրները լուծելու իշխանության անկարողությունը և կառավարության անդամների հաճախակի փոփոխությունները հանգեցրել են ներքաղաքական վտանգավոր զարգացումների։ Նրանք նաև սուր քննադատության են ենթարկում Հայաստանի իշխանություններին, նշելով, որ «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից և դրան հաջորդած ոչ հրապարակային պայմանավորվածությունների արդյունքում Արցախի համար կենսական հարցերում զիջումների գնալու համաձայնությունն ակնհայտ հակասում է Հայաստանի գործող իշխանությունների՝ Արցախի հարցով հայտարարված ծրագրային դրույթներին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արայիկ Հարությունյանը պետնախարարի պաշտոնն արդեն առաջարկել է Արցախի գլխավոր դատախազին 

«Ստիպված ենք արձանագրել, որ այդ համատեքստում նկատելի է նաև Հայաստանի իշխանությունների ուղղակի կամ անուղղակի դերակատարությունը՝ ներքաղաքական ու համահայկական միասնությունը տրոհելու և պայքարի ոգին կոտրելու գործում, որին, ցավոք, հիմնականում պասիվորեն ենթարկվում են նաև Արցախի իշխանությունները,- ասված է հայտարարության մեջ:

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իշխանական ինտրիգները, անորոշությունը, տեղեկատվության պակասը լարվածություն են առաջացրել Արցախում։ Արայիկ Հարությունյանն, ըստ Հակոբյանի, խուսափում է Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպել, քննարկել, թե ինչ է կատարվում։ Նախագահի այսօր սպասվող ուղերձն անգամ անակնկալ է եղել ընդդիմության համար։

«Մեր հետ հանդիպում չի եղել, մեր հետ ընդհանրապես նման հարցեր չեն քննարկվել, այսինքն, մեզ համար ևս անակնկալ է լինելու այսօրվա ուղերձը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Եթե իսկապես Արայիկ Հարությունյանը այսօրվա իր ուղերձում հայտարարի պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու մասին, ապա, ընդդիմադիր պատգամավորի փոխանցմամբ, մեկնաբանությունը մեկն է լինելու՝ «Ադրբեջանի պահանջով, Հայաստանի Հանրապետության իշխանությունների ճնշմամբ կատարվում են նման գործողություններ՝ հաշվի չառնելով Արցախի շահերը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև. Բաքուն պատրաստ է քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը՝ պայմանով