Հաագայի դատարանն իր վճռում ի գիտություն է ընդունել Ադրբեջանի ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը ձեռնարկել է և պարտավորվում է շարունակել իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի ճանապարհով անվտանգ տեղաշարժն ապահովելու և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պայմանները կատարելու համար․ - Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքն է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ երեկ երեկոյան կայացրած որոշմանը։
ՄԱԿ-ի դատական ատյանը, բավարարելով ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջը, Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց ԱդրբեջանինըՄինչ այդ, ադրբեջանական կողմը ամենաբարձր՝ նախագահի մակարդակով շարունակաբար հերքում է ինչպես Լաչինի միջանցքի արգելափակման փաստը, այնպես էլ ճանապարհի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին պնդումները։
Ինչ վերաբերում է մյուս որոշմանը, որով Հաագայի դատարանը մերժել է Բաքվի պահանջը՝ միջանկյալ միջոց կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն», Ադրբեջանի արտգործնախարարության գնահատմամբ՝ այն «բովանդակային չէ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն արձագանքել են Հաագայի դատարանի որոշումներինԴեռ անցած տարեվեջին մեկ այլ միջազգային ատյան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Բաքվին պարտավորեցրել էր ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բուժման կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին առանց սննդի ու գոյության անհրաժեշտ միջոցների մնացած այլոց տեղաշարժը, նաև վերականգնել գազամատակարարումը։ Բայց Ադրբեջանն անտեսել է ոչ միայն Ստրասբուրգի դատարանի, այլ նաև այլ հեղինակային կառույցների, առանձին երկրների՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԻԵԴ որոշումը Ադրբեջանին պարտավորեցնում է ապահովել ծանր հիվանդների տեղաշարժը Լաչինի միջանցքովԱդրբեջանի արտգործնախարարությունը տարածած հայտարարությամբ, այդուհանդերձ, հավաստիացնում է, թե «Ադրբեջանը կշարունակի պաշտպանել բոլոր մարդկանց իրավունքները միջազգային նորմերին համապատասխան»։ Գերատեսչությունը նաև հավելել է, թե Բաքուն նաև կշարունակի Հայաստանին պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների լրջագույն խախտումների համար։
Անցած ամիս Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի դեմ մեկ այլ միջպետական արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել, որով Երևանից լիարժեք փոխհատուցում է պահանջում «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում շրջակա միջավայրի և կենսաբազմազանության ոչնչացման համար»։
«Զանգվածային անտառահատումները, ապօրինի շինարարությունը և հանքարդյունաբերությունն այն տարածքներում, որոնք մինչ օկուպացիան բնական արգելոցներ էին, վտանգել են Ադրբեջանում վայրի բնության ավելի քան 500 տեսակներ», - հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք դատի ենք տվել Հայաստանին՝ հսկայական բնապահպանական վնասի համար»․ Բայրամով