Հայաստանի վարչապետը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ արտերկրի գործընկերների հետ: Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ:
Լատվիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-լատվիական հարաբերություններին վերաբերող հարցեր: Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներին և կարևորել Եվրոպական միության շարունակական աջակցությունը դրանք արդյունավետ կյանքի կոչելու գործում: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը Հայաստանի կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:
Նիկոլ Փաշինյանը և Էգիլս Լևիցը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ:
Երկուստեք կարևորվել է Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում: Կողմերը հույս են հայտնել, որ այն կնպաստի կայունությանն ու խաղաղությանը:
Խորվաթիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջերս տեղի է ունեցել այդ երկրի ԱԳ նախարարի առաջին այցը Հայաստան, ինչը երկկողմ հարաբերություններում ունի պատմական նշանակություն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը և Խորվաթիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջԱնդրեյ Պլենկովիչը նշել է, որ իր գլխավորած կառավարությունը շահագրգիռ է ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում:
Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, արդեն ավելի քան մեկ ամիս է Ադրբեջանն արգելափակել է նաև էլեկտրամատակարարումը, լուրջ խնդիրներ են առկա գազի մատակարարման հետ կապված: Նրա խոսքով` այս ամենն առաջացնում է ոչ միայն հումանիտար, այլ նաև բնապահպանական ճգնաժամ: Խնդրի լուծման հարցում վարչապետը կարևորել է միջազգային հանրության հասցեական ու հետևողական արձագանքը:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և ընդգծել տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման կարևորությունը:
Նիկոլ Փաշինյանը Խորվաթիայի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, հրավերն ընդունվել է: