Հրաշքներ դեռ պատահում են, բայց գնալով ավելի հազվադեպ
Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից տուժած Թուրքիայի և Սիրիայի աղետի գոտում դեռ պատահում են հրաշքներ:
Երեկ Անթաքիայում (հայերեն հին անունն է Անտիոք) փրկել են մի 13-ամյա տղայի՝ Մուստաֆային, ով ավելի քան 228 ժամ է մնացել ավերակների տակ: Նրան անմիջապես փոխադրել են հիվանդանոց: Մի 74-ամյա կնոջ էլ, Ջեմիլե անունով, փրկել են Քահրամանմարաշում:
Բայց, իհարկե, ժամ առ ժամ նվազում ու, երևի, զրոյին է մոտենում փլատակներից մարդկանց ողջ դուրս հանելու հնարավորությունը: Այն տեսականորեն դեռ կա, սակայն այսօր՝ երկրաշարժի 10-րդ օրը, հրատապ են ուրիշ խնդիրներ: Պետք է օգնություն հասցնել ստորգետնյա ցնցումների 2 սարսափելի րոպեների ընթացքում ամեն ինչ կորցրած վերապրածներին, մաքրել ավերակները, քանդել անդառնալիորեն վնասված վտանգավոր շենքերը, հնարավորինս արագ հողին հանձնել զոհվածներին և այդպես կանխել վարակիչ հիվանդությունների տարածման վտանգը, որի հավանականությունն, ըստ բժիշկների, շատ բարձ է նույնիսկ ցուրտ եղանակի պայմաններում:
Միայն Թուրքիայում, ըստ Արտակարգ իրավիճակների պետական վարչության հաղորդագրության, զոհվել է առնվազն 36 հազար 187 մարդ: Թիվը, վստահ կավելանա, որովհետև ավերակների մաքրումը դեռ շատ երկար կտևի:
Հարյուրավոր ատոմային ռումբերի էներգիա, կամ 30 կվադրիլիոն ջոուլ
Ինչի՞ հետ կարելի է համեմատել այդ մղձավանջային ցնցումը: Երեքշաբթի օրը նախագահ Ռեփեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե այս երկրաշարժը ցնցել է հսկայական այնպիսի հատված, որը գերազանցում է ներկայիս մի քանի միջին չափի երկրների միացյալ տարածքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի իշխանությունները մեղավորներ են փնտրում՝ 131 շինարար է ձերբակալվել«Ի տարբերություն այլ երկրաշարժերի, ցնցումները տեղի են ունեցել մակերևույթին ավելի մոտ՝ յոթ կիլոմետր խորության վրա, և դա տեղի է ունեցել հենց Քահրամանմարաշի տակ, ինչը մեծացրել է աղետի ծավալը: Լիցքաթափված էներգիան հավասարազոր էր հարյուրավոր ատոմային ռումբերի միացյալ հզորության», - ասել է Էրդողանը փետրվարի 14-ին:
Իսկ այսօր Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության ռիսկերի գնահատման բաժնի ղեկավար Օրհան Թաթարը մեկ ուրիշ թվով է համեմատություն արել:
Նա ասել է, որ 7.7, ապա 7.6 մագնիտուդով երկու առավել հզոր ցնցումները տևել են մոտ երկու րոպե, մակերեսը 7 մետր 30 սանտիմետրով տեղաշարժվել է և լիցքաթափված էներգիան կազմել է 30 կվադրիլիոն ջոուլ: Նշենք, որ մեկ կվադրիլիոնը հավասար է հազար տրիլիոնի: Երևի ֆիզիկոսները կգնահատեն ցնցումների աստիճանը, շարքային մարդիկ պարզապես կընդունեն, որ այն հիրավի աղետալի էր:
Անբարեխիղճ շինարարը փորձել է ծովով փախչել
Եվ, այնուամենայնիվ, արդո՞ք այսչափ ծանր կլինեին հետևանքները, եթե մարդիկ կառուցեին ամուր շենքեր:
Արևմուտքի և Ճապոնիայի մասնագետները պնդում են, որ այսօրվա տեխնոլոգիաներով կարելի է կառուցել գերամուր շենքեր նույնիսկ սեյսմիկ գոտիներում:
Դա գիտեն նաև Թուրքիայում, որտեղ իրավապահներն արդեն 221 գործ են հարուցել կապալառուների նկատմամբ:
Ադանայում 5 կապալառու է ձերբակալվել: Քահրամանմարաշում տներ կառուցած մի ընկերության ղեկավարի էլ ձերբակալել են Մարմարիսի մոտ՝ ծովում, նավակով փախուստի դիմելու պահին:
Ստամբուլում պարզել են, որ 60 կասկածյալներից 5-ն արդեն արտերկրում են, իսկ 10-ը մահացել են:
Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա
Ինչպես հայտնի է, Թուրքիա նախօրեին այցելած Հայաստանի արտաքին գործերի նախարարը կմեկնի նաև Սիրիա: Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել ՍիրիաՆախարարը պետք է զորակցություն հայտնի բարեկամ երկրին, որտեղ երկրաշարժից նաև տեղացի հայերն են տուժել:
Սիրիայում, ըստ պաշտոնական Դամասկոսի և ՄԱԿ-ի տվյալների, երկրաշարժից զոհվել է ավելի քան 5 հազար 800 բնակիչ: Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկել է, Սիրիային: Բնականաբար, օգնում են նաև հարևան արաբական երկրները: Մի խմբաքանական ուղարկել է Արաբական Միացյալ Էմիրությունները:
«Մենք ոչ միայն օգնություն ենք հասցրել, մենք նաև փրկարարական աշխատանք ենք կատարում, փորձում ենք ավերակներից դուրս հանել մարդկանց, գուցե դեռ կան փլատակներում», - ասել է Սիրիա գործուղված Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի լեյտենանտ Համադ Ալ Քաաբը:
Սիրիային օգնում է նաև ՄԱԿ-ը
Ենթակառուցվածքները քայքայված էին դեռ փետրվարի 6-ից առաջ: Պետական հաստատությունների աշխատանքն էլ վաղուց է խաթարված:
Սիրիան ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում է: ՄԱԿ-ն արդեն տրամադրել է 50 միլիոն դոլար և միջազգային համայնքին կոչ է անում ևս 397 միլիոն հավաքել առաջիկա երեք ամիսներին Սիրիայում նվազագույն կարիքները հոգալու համար:
«Սա վերջին ժամանակաշրջանի վատթարագույն աղետն է»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: