Մատչելիության հղումներ

Դիակապտության բազմաթիվ դեպքերի հաղորդագրություններ Թուրքիայի աղետի գոտուց


Թուրքիայի աղետի գոտում, հատկապես Հաթայի նահանգում լուրջ խնդիրներ են առաջացել դիակապտության հետ կապված՝ կողոպտվել ու թալանվել են քանդված շենքերի բնակարանները, խանութներ, բանկոմատներ, ձեռնարկություններ, շուկաներ։ Տեղերից բազմաթիվ հաղորդումներ կան համատարած կողոպուտների մասին, չի բացառվում որ նաև բախումներ են տեղի ունեցել տարբեր խմբերի և խմբավորումների միջև։

Անցած շաբաթավերջին Գերմանիայի և Ավստրիայի փրկարարական խմբերը հայտնեցին, որ կրակոցների ու անվտանգային խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցնում են աշխատանքը, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները ամբողջովին չեն վերահսկի իրավիճակը։

Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը անցած կիրակի ասել է, որ դիակապտության կասկածանքով 57 մարդ է ձերբակալվել։ «Ֆրանս Պրես» գործակալությունը հաղորդել է, որ ձերբակալվածներից առգրավել են մի քանի միավոր հրազեն, թանկարժեք իրեր, զարդեր, թղթադրամներ ու բանկի քարտեր։

Հաթայի բնակչուհի Այլին Քաբասակալը «Ֆրանս Պրեսին» ասել է, թե հսկում են իրենց տները, մեքենաները. - «Դիակապտողները թալանում են մեր տները, ցավոք ասելու բան չի մնացել, մենք ավիրված ենք, ցնցված ենք։ Այն, ինչի միջով անցել ենք, մղձավանջ է։ Իշխանությունները պետք է պաշտպանեն մեր տները»։

«Ռոյթերսի» թղթակիցը Հաթայի նահանգի Անթակյա քաղաքից կիրակի օրը հաղորդել էր, որ խանութների սեփականատերերը մնացած ապրանքները հավաքում են, չնայած չգիտեին ուր են տանելու, սակայն թողնելը նշանակում է կորցնել ապրանքը։

Էլեկտրական սարքավորումների խանութպան Յուկսել Ուզունը ասել է, որ գողերն ու ավազակները քանդված խանութից տարել են ինչ կարողացել են։ «Մեզ մնացել է այն, ինչ նրանք թողել են»,- ասել է Ուզունը՝ մնացած ապրանքները տեղավորելով բեռնատարի թափքում։

Նա պատմել է, որ ամենուրեք դիակապտություն է, տեսել է, թե կողոպտիչները ինչպես են մտնում սուպերմարկետներ, դեղատներ, ճանապարհի մյուս կողմում գտնվող շուկան են թալանել, կոշիկի խանութները։ Նա հայտնել է, որ անցած կիրակի անվտանգության լրացուցիչ ուժեր են մտցվել քաղաք, իսկ մինչ այդ տեղի ոստիկանությունից, զինվորականներից օգնության ակնկալիքներ չեն ունեցել, որովհետև նրանք ևս իրենց պես տուժել էին երկրաշարժից։ Մինչ նրա ապրանքները տեղավորվում էին բեռնատարում, զինվորական մեքենա է մոտեցել, ստուգելու, թե իսկապես նա է խանութի սեփականատերը։

Մեկ այլ խանութի մենեջեր Բերկան Յոգուրթջուօղլին ասել է, որ սուպերմարկետները թալանելը բնական երևույթ էր, որովհետև օգնությունն ու մատակարարումները ուշ են հասել։

«Առաջին մի քանի օրը բոլորը թալանում էին սուպերմարկետները, քանի որ նրանք կարիքի մեջ էին։ Ես էլ եմ թալանել, որովհետև երեխաներիս տակդիրներ էին պետք»,- ասել է նա։

«Ռոյթերսը» նշում է, որ նման միջադեպերի աճը բացասական տրամադրություններ է բորբոքել միգրանտների դեմ։ Մարդիկ առանց ապացույցներ ներկայացնելու, դիակապտության համար մեղադրում են սիրիացիներին, աֆղանցիներին և այլ ներգաղթյալների։

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Էրդողանը լայն դիակապտության մասին լուրերը չի մեկնաբանել, նա միայն նշել էր, որ աղետի գոտու 10 նահանգներում հայտարարված արտակարգ դրությունը կօգնի խստորեն պայքարելու կողոպտիչների դեմ։

Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը մոտենում է 38 հազարի։ Թուրքիայում շուրջ 32 հազար մարդ է զոհվել, Սիրիայում՝ ավելի քան 5 հազար 700-ը։ Ամեն ժամ տվյալները կարող են փոխվել։ Ողջ մնացած մարդկանց գտնելու հույսեր նվազում են։

Փետրվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժից մեկ շաբաթ անց փրկարարները երեք մարդու կյանք են փրկել։ Այսօր ևս մեկ կին է փրկվել, ով փլատակների տակ մնացել է 203 ժամ, հաղորդում է TRT հանրային հեռուստաընկերությունը։ Փրկության վերջին դեպքերը հրաշք են համարվում։

Երկրաշարժից արդեն 8 օր է անցել։ Զոհերի քանակը կարող է աճել, փլատակները հեռացնելու աշխատանքները շարունակվում են։

Թուրքիայի քաղաքաշինության նախարար Մուրատ Կուրումն ասել է, որ 10 քաղաքներում 42 հազար շենք կա՛մ փլուզվել է, կա՛մ այնքան են վնասվել, որ պետք է հրատապ քանդվեն։ Բիզնես խմբերը երկրաշարժի պատճառած վնասները նախնական տվյալներով 84 միլիարդ դոլար են գնահատում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG