Խաղաղության պայմանագրի տեքստում Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց այդ փաստաթուղթը վերջնական չէ. Արմեն Գրիգորյան 

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստում Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց այդ փաստաթուղթը վերջնական չէ, «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրեց Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Երևանն ու Բաքուն հինգ ամիս է աշխատում են խաղաղության պայմանագրի տեքստի վրա` պարբերաբար այն լրամշակելով և միմյանց փոխանցելով։ Առ այսօր սակայն հայտնի չէ՝ արդյո՞ք կողմերը որևէ համաձայնության եկել են այդ փաստաթղթի շուրջ։ Քննարկվող նախագիծը ևս չի հրապարակվել։

«Ազատություն». - Այս պահին քննարկվող, մշակվող փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում կա՞, թե՞ չկա։

Գրիգորյան. - Ղարաբաղի մասին հիշատակում կա։ Պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը վերջնական չէ դեռ։ Դա բանակցային գործընթաց է։ Եվ գիտեք, հայտնի մոտեցում կա բանակցություններում, որ եթե ամեն ինչ համաձայնեցված չի, դեռ ոչ մի բան համաձայնեցված չի։

Նա պարզաբանեց, թե Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև։ Հայաստանը շարունակում է աշխատել միջազգային գործընկերների հետ, որպեսզի այդ մեխանիզմը կայանա։ Բաքուն մինչև այժմ մերժել է այս գաղափարը. - «Այս մեխանիզմին կարող է անդրադարձ լինել միջազգային այն պայմանագրում՝ խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում։ Այն կարող է լինել միջազգային այլ կառույցների կամ այլ ֆորմատով։ Դա հստակ չէ, դա քննարկման առարկա է, որը պետք է շարունակենք քննարկել հստակեցնելու համար։ Եվ սա ևս մի անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը ավելի շատ կողմ է հստակեցումների»։

«Ազատություն». - Արդյո՞ք սկզբունքային է հայկական կողմի համար, որ որևէ կերպ Ղարաբաղի հարցը արծարծվի այդ խաղաղության պայմանագրի փաստաթղթում։

Գրիգորյան. - «Հայկական կողմի համար ավելի կարևոր է միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծումը, որի շրջանակներում Ստեփանակերտը և Բաքուն կքննարկեն անվտանգությունը և իրավունքները։ Թե դա ո՞ր ֆորմատով կկատարվի, դա չի առաջնայինը։ Առաջնայինը դա մեխանիզմի ստեղծումն է»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իմ տեղեկությունով՝ խաղաղության պայմանագրի փաստաթղթում «կառուցողական անորոշություն» ձևակերպումն է մտցվել․ Թաթուլ Հակոբյան

Անդրադառնալով «Ազատության» այն հարցին, թե որքանով է ճիշտ տեղեկությունը, որ խաղաղության պայմանագրում «կառուցողական անորոշություն» ձևակերպումն է մտցվել, ինչը թույլ է տալու Հայաստանին և Ադրբեջանին յուրովի մեկնաբանել Արցախի հիմնահարցը, Արմեն Գրիգորյանն ասաց, թե առաջին անգամ է այդ մասին լսում։ Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում փոխանցել էր վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը։

«Առաջին անգամ եմ դրա մասին լսում։ Կառուցողական անորոշությո՞ւն... Խաղաղության պայմանագիրը ընդհանրապես նրա մասին է, որպեսզի ամեն ինչ հնարավորինս հստակ լինի։ Հայկական կողմը աշխատում է այդ հստակության վրա։ Եվ գիտեք, որ նաև մենք կողմ ենք, որպեսզի ստեղծվի երաշխավորի ինստիտուտ՝ հաշվի առնելով մեր գոնե առնվազն վերջին երեք տարվա փորձը, և նաև հնարավորինս ամեն ինչում հստակություն», - ասաց Գրիգորյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրեց, որ այս պահին հայկական կողմն աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վրա։ Հնարավորինս շուտ, ըստ Գրիգորյանի, հայկական կողմն այն կրկին կփոխանցի Ադրբեջանին. - «Այս պահին չեմ կարող ասել, թե այդ փոխանցումը ինչպես տեղի կունենա»։

Խոսելով մոտ մեկ շաբաթից Հայաստան ժամանող Եվրամիության շուրջ 100 դիտորդների մասին, Անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց, թե Հայաստանի իշխանությունը նրանց հրավիրել է անվտանգության որոշակի երաշխիքներ ստեղծելու նպատակով։ Գրիգորյանը շեշտեց՝ անվտանգության երաշխիքները միայն ռազմական ներկայությամբ չեն ստեղծվում. - «2021 թվականին, մայիսին և նոյեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է եղել։ Նույնը տեղի է ունեցել՝ լայնածավալ հարձակում, անցած տարի սեպտեմբերին։ Եվ այդ փորձը հաշվի առնելով, որ գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում, Հայաստանը հրավիրել է Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը՝ որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծելու նպատակով»։

Ինչո՞ւ է Ռուսաստանը բացասաբար վերաբերվում Եվրամիության դիտորդների տեղակայմանը Հայաստանում։ Անվտանագության խորհրդի քարտուղարն ասաց, թե չի կարող Մոսկվայի փոխարեն պատասխանել, բայց վստահեցրեց, թե պարբերաբար իրենց ռուս գործընկերների հետ խոսում են բոլոր խնդիրների մասին։

Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, թե «Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը կարձագանքի Հայաստանում Եվոպական միության դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով տեղում իրավիճակի զարգացումը»։

«Քննարկում ենք իրենց հետ և ներկայացնում ենք հայկական կողմի մոտեցումները և բացատրում ենք, թե ինչու ենք մենք այս քայլերը կատարել։ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է եղել, տարածքի օկուպացիա է տեղի ունեցել, և այդ վտանգը շարունակում է մնալ։ Այդ սպառնալիքը չեզոքացնելու համար անհրաժեշտ է որոշակի միջազգային երաշխիքներ ստեղծել, որի ուղղությամբ էլ աշխատում ենք», - նշեց Արմեն Գրիգորյանը։

Ի՞նչ է անում Հայաստանը Լաչինի միջանցքը բացելու համար։ Անվտանգության խորհրդի քարտուղարը վստահեցրեց, թե Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ անում են ամեն ինչ, բացի մեկ քայլից. - «Միակ քայլը, որ Հայաստանը չի ձեռնարկում, որտեղ և լիազորություն չունի, դա հենց միջանցքում քայլեր ձեռնարկելն է, հենց բուն միջանցքում։ Գիտեք, որ նոյեմբերի 9-ով այդ պատասխանատվությունը դրված է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի վրա։ Եվ մենք ակնկալում ենք, որ իրենք իրանց պարտավորությունը կկատարեն»։

Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն արգելափակված է արդեն 65 օր: