Վիգեն Սարգսյանը հերքում է իրավապահների պնդումներն ու հայտարարում՝ սա քաղաքական հետապնդում է

Քրեական գործի հարուցումից ավելի քան երեք տարի անց Քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությամբ։ Գլխավոր դատախազությունն էլ դիմել է ոստիկանություն՝ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու համար։

2018-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորած Սարգսյանը մեղադրվում է իր լիազորություններից դուրս գործողություններ կատարելու համար։ Իրավապահները պնդում են, որ Պաշտպանության նախարարությունը 2 տարի ղեկավարած Սարգսյանը հանձնարարել է երևանյան նորակառույցում բնակարաններ տալ 26 զինվորականի և 3 քաղաքացիականի։ 2018 թվականին բնակարան են ստացել նրանք, որոնց տվյալները հերթացուցակներում չեն եղել կամ էլ նրանք, որոնց բնակարան ստանալու հերթը դեռ չէր հասել։

«Էդ 26-ի մասով նույնիսկ հանձնաժողովը որևէ քննարկում, բնակարանային գործի զննություն, ուսումնասիրության չի կատարել: Ի դեպ, հանձնաժողովը պարտավորություն ունեցել է, բայց նման իրավիճակում հաշվի առնելով նախարարի հանձնարարականը նույնիսկ որևէ միջոց չեն ձեռնարկել՝ պարզելու՝ արդյոք կառավարության սահմանած առաջնահերթ չափանիշներին համապատասխանում են նրանք, թե՝ ոչ», - ասաց դատախազ Արման Նշանյանը:

Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Արման Նշանյանի փոխանցմամբ, Վիգեն Սարգսյանի որոշման հետևանքով տարիներով իրենց հերթին սպասող մարդիկ չեն ստացել իրենց հասանելիք բնակարանը. - «Խախտվել է կառավարության որոշումը»:

«Ազատության» հարցին՝ այսինքն միայն ներառել է առաջնագծում ծառայողների՞ն, Նշանյանը պատասխանեց. «Առաջնահերթությունը տալ էդ ծառայողներին, բայց բնակարան ստացածների մեջ նաև կան այնպիսի ծառայողներ, որ նույնիսկ այդ առաջնահերթությամբ չեն ստացել բնակարաններ»:

Ինքը՝ նախկին նախարարը հերքում է իրավապահների պնդումներն ու հայտարարում՝ սա քաղաքական հետապնդում է։

«Այդ 26 բնակարանների բաշխման գործառույթը, որն իմ պաշտոնական բոլոր լիազորություններից երևի թե ամենաաննշանն էր իր ծավալով և հանրային կարևորության առումով, իրականացվել է օրենքի պահանջին համապատասխան` հիմք ընդունելով բնակարան ստացողների անցած մարտական ուղին և վաստակը», - «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սարգսյանը՝ ընդգծելով՝ իրավապահները գիտեն իր գտնվելու վայրը և կարող էին կապ հաստատել՝ չխախտելով իր իրավունքները։

Դատախազը, հակադարձելով, ընդգծում է՝ գործի նյութերում նրա գտնվելու մասին տվյալներ չկան, Սարգսյանը երկրից բացակայում է 2019-ից, երբ հարուցվել է այս գործը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բավարար ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով մեղադրյալ ներգրավելու համար․ ՔԿ

«Ազատությանը» չի հաջողվել կապ հաստատել արտերկրում գտնվող Սարգսյանի հետ, փոխարենը նրա թիմակից Արմեն Աշոտյանն ասում է, թե հավատում է Վիգեն Սարգսյանի բացատրություններին, նա ևս պնդում է, որ սա հետապնդում է:

«Սեյրան Օհանյանի, Արմեն Չարչյանի, Վիգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, իմ, Աննա Մկրտչյանի հանդեպ, մնացած բոլոր ուղղություններով տարվող կեղծ գործերը վկայում են այն մասին, որ իշխանությունը սեփական աթոռը պահելու համար, անտեսելով ազգային գերակա շահերը, խնդիրները, զբաղված է բացառապես սեփական օրակարգով», - ընդգծեց Աշոտյանը:

Այս գործով 8 տուժողի շահերը ներկայացնող փաստաբան Նորիկ Նորիկյանը, մինչդեռ, ունի հերթացուցակը և ասում է, որ մայրաքաղաքում տուն են ստացել նրանք, որոնք դրա կարիքը չունեին, իսկ իրեն դիմած զինվորականները 20 և ավելի տարի սպասում են իրենց բնակարանին, ցուցակում առաջիններից էին։

«2021 թվականից Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը հանդես եկավ հայտարարությամբ, որ առկա է բավարար համակցություն Վիգեն Սարգսյան նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, ու չգիտես ինչու այդ գործն ուղարկվեց ՀՔԾ, ՀՔԾ-ից Դատախազության ցուցումով հետ վերադարձավ, քնեցվեց քննչական մարմինների դարակներում», - նշեց Նորիկյանը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նշանակումից հետո փաստաբանը նամակներ է գրել Դատախազություն՝ ահազանգելով գործի ձգձգման մասին:

«Անգամ եթե պաշտպանության նախկին նախարարն այսօր սրտաճմլիկ շեշտադրումներով հայտարարություններ է անում, որ ինքը բնակարաններ է հատկացրել արժանավոր մարդկանց, որը ես չեմ բացառում, բայց դա չի նշանակում, որ ինքը էդ հերթացուցակի մեջ գտնվող անձանց պետք է հերթացուցակից հաներ և բնակարաններ հանձներ, իր պատկերացմամբ, արժանավոր մարդկանց: Այս տարիների ընթացքում տուժողների մոտ ձևավորվել է խորը համոզմունք, որ ամեն ինչ արվում է այս գործը ծածկադմփոց անելու, վաղեմության ժամկետները անցնելու հիմքով հետագայում մեղավոր անձանց պատասխանատվությունից ազատելու համար», - նշեց նա:

Տարիներ առաջ, երբ հարուցվել էր այս գործը, իրավապահները հայտարարում էին, թե ունեն բավարար ապացույցներ Վիգեն Սարգսյանի մեղքն ապացուցելու համար, բայց, ինչպես պարզվում է, ավելի քան 3 տարի ոչինչ չեն ձեռնարկել և միան ակտիվացան հիմա, ինչո՞ւ։ Դատախազ Նշանյանի կարծիքով, այս հարցում դեր է ունեցել քովիդը, պատերազմը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինված ուժերի գործող սպաներ չեն ստացել իրենց հասանելիք բնակարանները. փաստաբան