Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան


Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել և կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան, հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Վիգեն Սարգսյանը 2018 թվականի հունվարին Նախարարության հաշվեկշռում գտնվող, Երևանի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ:

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, ի պաշտոնե տիրապետելով ՀՀ կառավարության՝ 2007թ. մարտի 7-ի որոշմամբ հաստատված Նախարարության հաշվեկշռում գտնվող բնակելի տարածություններն անհատույց օգտագործման տրամադրելու պայմաններին, ընթացակարգերին ու առաջնահերթություններին, «անտեսելով հիշյալ որոշմամբ հաստատված կարգի պահանջները, Նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև Նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձանց»:

Հանձնարարությունը հիմք ընդունելով՝ դատախազությունը նշում է, որ Հանձնաժողովը կայացրել է ակնհայտ ապօրինի որոշում, որի արդյունքում նշված շենքից անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են հատկացվել Երևանւմ բնակարանային ապահովման կարիք ունեցող զինծառայողների հաշվառման ցուցակներում ավելի ուշ ընդգրկված ու բնակարանային հաշվառման մեջ չգտնվող զինծառայողների և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող անձանց, որն «էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ»:

«Մասնավորապես, Նախարարության համակարգի բնակարանային ապահովման իրական կարիք ունեցող բազմաթիվ շահառուներ, տարիներ շարունակ ընդգրկված լինելով բնակարանային հաշվառման ցուցակներում՝ զրկվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց սոցիալական պաշտպանության ապահովման՝ անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ ձեռք բերելու օրինական և օրենքով երաշխավորված իրավունքից, իսկ Նախարարությունը զրկվել է իր հաշվեկշռում գտնվող բազմաթիվ բնակարաններն անհատույց օգտագործման տրամադրելու, դրանք Նախարարության կարիքների համար օգտագործելու, հետևաբար նաև՝ զինծառայողների սոցիալական ապահովության խնդիրներն արդյունավետ իրագործելու իրական հնարավորությունից»:

«2023 թվականի փետրվարի 8-ին քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշումներ են կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), իսկ ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. վերջիններին ներկայացվել է մեղադրանք», -ասված է հաղորդագրությունում:

Բնակարանների բաշխման գործընթացի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է դեռ 2019 թվականի սեպտեմբերին: Պաշտպանության նախկին նախարարը Հայաստանի զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին ուղղված «հերթական հարված» էր որակել իրեն որպես մեղադրյալ ներգրավելու համար բավարար ապացույցների առկայության մասին Քննչական կոմիտեի հաղորդագրությունը։

XS
SM
MD
LG