Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանին հարցաքննության հրավեր չի եղել․ փաստաբան


Վիգեն Սարգսյան, արխիվ
Վիգեն Սարգսյան, արխիվ

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին առնչվող քրեական գործը հսկող դատախազի որոշմամբ ետ՝ Քննչական կոմիտե ուղարկելու որոշումը, ըստ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանի, ուղիղ վկայում է այն մասին, որ դատախազն այդ որոշման հետ ունեցել է անհամաձայնություն:

Գործը ետ ուղարկելու տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ մանրամասնելով․ «Քննչական կոմիտեի քննիչի որոշումը՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին, վերացվել է, և [գործը] մի շարք անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված ուղարկվել Քննչական կոմիտե՝ հետագա նախաքննությունը շարունակելու համար»:

Սեպտեմբերի 25-ին Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ զինծառայողներին բնակարանների տրամադրման կարգը խախտելու վերաբերյալ բավարար ապացույցներ են ձեռք բերվել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար: Հաղորդագրությամբ տեղեկացվել էր նաև, որ նախաքննությունը շարունակելու համար քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ):

Վիգեն Սարգսյանը քրեական գործի մասին տեղեկացել է մամուլի հաղորդագրությունից, որից հետո նրա փաստաբան Ամրամ Մակինյանը ՀՔԾ գրություն է ուղարկել և ստացել պատասխան այն մասին, որ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում: Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի օրեր առաջ տարածած հաղորդագրությանը, փաստաբանն ասում է՝ դա իրականության հետ որևէ աղերս չունի։

«Այն հայտարարությունները, որոնք կատարվում են պետական մարմնի անունից, դրանք շատ ավելի հավասարակշռված, շատ ավելի հիմնավորված և շատ ավելի զուսպ պիտի լինեն, տվյալ պարագայում տեղի է ունեցել հակառակը՝ իրականության հետ աղերս չունեցող հայտարարություն է եղել, քանի որ պաշտոնապես մեզ Հատուկ քննչական ծառայությունը պատասխանել է, որ պարոն Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, այսինքն դատավարական կարգավիճակ չունի», - ասաց Մակինյանը։

Ֆեյսբուքյան գրառմամբ Սարգսյանը վստահեցրել էր, որ զինծառայողներին բնակարանների բաշխման գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան, հստակ սկզբունքներով և չափանիշներով: Մինչ այս պահը նախկին պաշտոնյային հարցաքննության հրավեր չի եղել, «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբանը՝ հավելելով՝ լինելու դեպքում այդ հարցը կքննարկեն:

XS
SM
MD
LG