Մատչելիության հղումներ

Զինված ուժերի գործող սպաներ չեն ստացել իրենց հասանելիք բնակարանները. փաստաբան


Փաստաբան Նորայր Նորիկյան, արխիվ
Փաստաբան Նորայր Նորիկյան, արխիվ

Պաշտպանության նախկին նախարար, նախորդ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորած Վիգեն Սարգսյանի իրավախախտ գործողությունների հետևանքով տարիներով բնակարանների սպասող հայաստանցի զինվորականները զրկվել են իրենց հասանելիք անշարժ գույքից, հայտարարում է Քննչական կոմիտեն: Փոխարենը, ինչպես պնդում է փաստաբան Նորայր Նորիկյանը, ով քրեական այս գործում ներկայացնում է ութ տուժողների՝ բոլորն էլ գործող զինվորականներ, «պաշտպանության նախկին նախարարի հրամանին ծանոթանալուց անզեն աչքով երևում է, որ Երևան քաղաքում բնակարան են ստացել մարդիկ, ովքեր երբևէ բնակարանի կարիք չեն ունեցել, ովքեր 5 օր Երևանում չեն բնակվել, ովքեր այդ բնակարանները ստացել են գործող կարգերին ակնհայտորեն չհամապատասխանելու պայմաններում»:

«Այս քրեական գործի շրջանակներում միայն պաշտպանության նախկին նախարարին մեղադրյալ ներգրավելը ամբողջական չի։ Այս գործում լինելու են նաև այլ անձինք, որոնց արարքներին, բնականաբար, տրվելու է իրավական գնահատական։ Ես ուղղակի կարծում եմ, որ մենք մտնում ենք մի գործընթաց, որ իսկապես Զինված ուժերում զինծառայողներին տարիներ շարունակ բնակարանային պայմանների բարելավման գործընթացում տեղի կունենա բեկում և մարդիկ, ովքեր տարիներ շարունակ անօրինական հովանավորչությամբ և տարբեր այլ ոչ իրավաչափ վարքագծի արդյունքում դեռևս շարունակում են սպասել իրենց բնակարաններին, գուցեև այս ամբողջ գործընթացի արդյունքում ուղղակի հնարավորություն կստեղծվի, որպեսզի այդ մարդիկ ստանան իրենց բնակարանը», - ասաց փաստաբանը։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, բավարար ապացույցներ են ձեռք բերվել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Քրեական գործով հիմնավորվել է, որ կառավարության 2007 թվականի որոշմամբ և պաշտպանության նախարարի 2013 թվականի հրամանով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին բնակարան տրամադրելու հարցի քննարկման լիազորությունը վերապահված է եղել պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովին, սակայն Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի 25/6 շենքի թվով 71 բնակարաններից 29-ի հատկացումների վերաբերյալ որոշում է կայացրել պաշտպանության նախարարը, ինչի հետևանքով նշված շենքի մի շարք բնակարաններ հատկացվել են կառավարության որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ, և էական վնաս է պատճառվել մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների իրավունքներին, վերջիններիս և պետության օրինական շահերին:

Ուշ երեկոյան Վիգեն Սարգսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքում, որում մասնավորապես ասված է․ - «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով նախատեսվում է ինձ ներգրավել մեղադրյալի կարգավիճակով: Խոսքը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին բաշխվող բնակարանների հատկացման կարգը ենթադրաբար խախտելուն: Համարում եմ, որ նախքան ներգրավվող անձին պաշտոնապես իրազեկելը մամուլով նման տեղեկատվություն տարածելը կոպտորեն խախտում է առնվազն բարոյականության և բարեվարքության բոլոր կանոնները: Քննչական մարմիններն, առանց վկայի կարգավիճակով դիրքորոշումս հայտնելու հնարավորություն տալու, ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր: Դա չափից ավելի կանխատեսելի էր և ակնկալելի: Ակնհայտ է, որ այս գործընթացի հիմնական նպատակն է հերթական հարվածը հասցնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին»:

«Քանի որ ինքս այս օրերին ուսումնառության նպատակով գտնվում եմ ԱՄՆ-ում և ծրագրի ընդհատումն այս փուլում կհանգեցնի այն ավարտին հասցնելու հնարավորությունը կորցնելուն, լիազորել եմ փաստաբանիս կապվել Հատուկ քննչական ծառայության պատասխանատուների հետ` հետագա գործընթացներում ինձ ներկայացնելու նպատակով», - նշում է նախկին նախարարը՝ հավելելով․ - «Ես վրդովված եմ, բայց նաև հանգիստ, քանի որ բնակարանների բաշխման պատմությանն ու այս առանձին գործով քննվող գործընթացին առնչություն ունեցող անձինք, այդ թվում` բնակարան ստացածներն ու չստացածները, քաջատեղյակ են, որ գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան, հստակ սկզբունքներով և չափանիշներով: Ամբողջ ընթացքը և վերահսկողությունը իրականացրել է համապատասխան հանձնաժողովը` իր որոշումների առանցքում ունենալով մարտական ուղի անցած զինծառայողների առաջնահերթության սկզբունքը»:

XS
SM
MD
LG