Երկուշաբթի վաղ առավոտյան Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցեց հինգ հազարը։ Զոհերի գրեթե 70 տոկոսը գրանցվել է Թուրքիայի հարավում։ Աղետի գոտում ստեղծված կացությունն այսօր կեսօրին՝ Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ ներկայացնում էր Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը։
«Վերջին տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի տարածքում զոհվել է 3419, վիրավորվել՝ 20 հազար 534 մարդ։ Փրկարարական աշխատանքների ընթացքում շուրջ ութ հազար մարդ դուրս է բերվել փլատակների տակից։ Այս պահի դրությամբ աղետի հետևանքով անօթևան մնացած ավելի քան 380 հազար մարդիկ տեղավորվել են կրթօջախներում և մարզասրահներում։ Ընդհանուր առմամբ փլուզվել է 5775 շինություն», - հայտարարում էր Թուրքիայի փոխնախագահը՝ նշելով նաև, որ երկրի կառավարությունը որոշել է արգելել անհատական ավտոտրանսպորտի ելումուտը երկրաշարժից առավել տուժած երեք նահանգներ։
«Առաջիկա 48 ժամերին Հաթայի, Կահրամանմարաշի և Ադիյամանի շրջաններ իրավունք կունենան մուտք գործել միայն փրկարարների և շտապ օգնության մեքենաները», - ասել է Ֆուադ Օքթայը՝ հավելելով, որ այս պահին Անկարան օգնության՝ մասնավորաբար փրկարարական ջոկատներ ընդունելու առաջարկ է ստացել 70 պետություններից, որոնցից 14-ի ներկայացուցիչներն արդեն իսկ աղետի գոտում են։
Փրկարարական ամենամեծ ստորաբաժանումներից մեկը Թուրքիա է ուղարկել Ադրբեջանը։ 370 փրկարարներից բացի Բաքուն որոշել է նաև դաշնակից երկրի տարածքում դաշտային հոսպիտալ տեղակայել, որտեղ երկու տասնյակ ադրբեջանցի ռազմական բժիշկներ են աշխատելու։
Ի տարբերություն Թուրքիայի, երկրաշարժից ոչ պակաս տուժած հարևան Սիրիան միջազգային նման ուշադրության առայժմ չի արժանանում։ Ստորգետնյա ցնցումներից մոտ 30 ժամ անց Դամասկոսին հիմնականում օգնում են դաշնակից պետությունները՝ նախևառաջ Իրանը և Ռուսաստանը, ինչպես նաև արաբական մի շարք պետություններ, օրինակ, Ալժիրը։
Սիրիայում տեղակայված ռուսաստանցի զինվորականները երեկվանից մասնակցում են Լաթաքիայում ծավալված փրկարարական օպերացիային։ Իրանցիները նույնն են անում Հալեպի շրջանում։
«Գործադրվող ջանքերը, սակայն, կարող են բավարար չլինել», - պնդում են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ հիշեցնելով, որ Սիրիան առանց երկրաշարժի էլ արդեն ավելի քան 10 տարի է, ինչ խոր ճգնաժամի մեջ է։
«Թուրքիան ճգնաժամերի հաղթահարման բավական մեծ ներուժ ունի, ինչը հնարավոր չէ ասել Սիրիայի մասին։ Այդ երկրի համար սա ևս մեկ հավելյալ ճգնաժամ է՝ գումարած այն բոլոր խնդիրներին, որոնք արդեն իսկ առկա էին», - այսօր Ժնևում հայտարարում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների հարցերով գլխավոր պատասխանատու Ադելեյդ Մարշանը՝ նշելով, որ երկու երկրներում տարերային աղետի հետևանքով այս կամ այն կերպ տուժած մարդկանց թիվը կարող է հասնել 23 միլիոնի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը ևս նման մտահոգություններ ունի։ Նրա խոսքով՝ թե՛ Թուրքիայի և թե՛ Սիրիայի պարագայում տեղեկատվությունը դեռևս շատ հեռու է ամբողջական լինելուց։
«Մեզ մտահոգում են հատկապես այն շրջանները, որոնցից տեղեկություններ դեռ չունենք։ Վնասի քարտեզագրումը այն կարևոր մեթոդն է, որը մեզ թույլ կտա հասկանալ, թե հատկապես որ խնդիրների վրա է հարկավոր կենտրոնացնել ուշադրությունը», - ընդգծում էր ԱՀԿ ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա