Այս գիշեր 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին։ Ըստ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության այն սեյսմիկ տեսանկյունից գնահատվում է որպես «ավերիչ», զոհվել է 1200-ից ավելի մարդ:
Երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի Գազիանթեփ քաղաքի մերձակայքում է, ցնցումները հասել են մինչև Կիպրոս:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում զոհվածների թիվը հասել է 912-ի, 5 հազար 383 մարդ վնասվածքներ է ստացել, ավերվել է 2 հազար 818 շինություն: Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ տուժել է 10 քաղաք:
Էրդողանի խոսքով՝ այս երկրաշարժը երկրում ամենամեծ աղետն է 1939 թվականի երկրաշարժից հետո, որի հետևանքով շուրջ 33 հազար մարդ է զոհվել: Մեկ այլ՝ 1999-ի երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհվել է ավելի քան 17 հազար մարդ:
Սիրիական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրում երկրաշարժի հետևանքով զոհվել է 320 մարդ, հազարից ավելին վիրավորվել են: Հալեպում մեծ թվով շենքեր են փլուզվել, ավերածություններ կան այլ բնակավայրերում ևս: