Այսօր վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 4-ն անց 17-ին (Երևանի ժամանակով 5-ն անց 17-ին), Թուրքիայի հարավ-արևելքում՝ Քահրամանմարաշի նահանգում տեղի է ունեցել 7.8 մագնիտուդով հուժկու երկրաշարժ: Կեսօրին գրանցվել է նաև երկրորդ հզոր ցնցումը, շենքերից մեկը փլուզվել է ուղիղ եթերով հեռարձակվող հեռուստառեպորտաժի ընթացքում:
Ավելի վաղ 6.4-ից մինչև 6.5 մագնիտուդով ցնցումներ են եղել Գազիանթեպի (հայերեն ՝ Այնթափի) շրջանում, իսկ Քահրամանմարաշում գրանցվել է ավելի քան 80 հետցնցում:
Ծանր կորուստներ են նաև հարևան Սիրիայում: Այդ երկու երկրներում ընդհանուր հաշվով զոհերի թիվը գերազանցել է 1600-ը: Կեսօրին տվյալներ է հրապարակել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Երկրաշարժից զոհվել է առնվազն 912 մարդ, վիրավորների թիվը մոտենում է 5 հազարին: Փլատակներից դուրս է հանվել 2740 մարդ»,- ասել է Էրդողանը:
Նա հույս է հայտնել, որ կհաջողվի փրկել ավելի մեծ թվով մարդկանց: Նա ասել է, թե սա ամենաավերիչ երկրաշարժն է 1939 թվականի երկրաշարժից ի վեր, երբ ամբողջությամբ ավերվել է 2 հազար 818 տուն: Էրդողանը խոսել է նաև միջազգային արձագանքի մասին:
«Օգնություն են առաջարկել 45 երկրներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ից և Եվրոպական միությունից»,- ասել է նախագահը:
Եվրոպական միությունը մոբիլիզացրել է փրկարարների 10-ը թիմեր: Այդ մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Բալաշ Ույվարին:
«Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Ֆրանսիան, Հունաստանը, Նիդերլանդները, Լեհաստանը և Ռումինիան առաջիններից են արձագանքել, նրանց միացել են Հունգարիան, Իտալիան, Իսպանիան, Մալթան և Սլովակիան»,- ասել է խոսնակը:
Զոհերի մասին նոր տվյալները հրապարակել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Յունուս Սեզերը: Նա ասել է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 1498 մարդ, վիրավորների թիվը՝ 8533:
Ենթադրվում է, որ այս երկրաշաժն ուժգնությամբ համեմատելի է 1999 թվականին Մարմարա ծովի առափնյա շրջանում՝ Իզմիթում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետ, որի հետևանքով մոտ 17 ու կես հազար մարդ է զոհվել:
Ավերիչ երկրաշարժը ծանր հարված է հասցրել նաև Սիրիային: Ցնցումները գրանցվել են այդ թվում՝ Հալեպում: Քաղաքացիական 12 տարի տևող պատերազմից արյունաքամ ու հյուծված այդ երկրում Թուրքիայի համեմատությամբ շատ ավելի դժվար է փրկարարական աշխատանքներ իրականացնել:
Հալեպի շրջանում Ջանդարիսում անվամբ ավանի մի շենք ամբողջությամբ ավերվել է: Բնակիչները քննադատում են պատկան ծառայություններին ուշացումով արձագանքելու համար:
«Այստեղ 12 ընտանիք է ապրել, ոչ մեկը չի կարողացել դուրս գալ, բոլորը հիմա ներսում են՝ փլատակներում, քաղաքացիական պաշտպանության ջոկատը չկա, ո՞ւր է, մենք առավոտյան ժամից այստեղ ձեռքերով ենք փորում»,- ասել է ավանի բնակիչներից մեկը:
«Մենք հիմա բժշկական օգնություն և ժամանակավոր կացարաններ ենք տրամադրում տուժածներին, առավոտյան նախագահը {Բաշար ալ-Ասադը} նիստ է գումարել և կարգադրել է ամեն բան անել մարդկանց օգնելու համար»,- ասել է Սիրիայի ներքին գործերի նախարար Մոհամդ Խալեդ Ալ-Ռահմունը:
Եվրահանձնաժողովը նշել է, որ ըստ ընդունված կարգի, արհավիրքից տուժած երկիրն է ուրիշներին դիմում օգնություն ստանալու խնդրանքով, և եթե Դամասկոսից նման դիմում ստացվի, Եվրամիությունն այն անհապաղ կքննարկի: Մինչդեռ, բարեգործական կառույցներն ավելի պարզեցված կարգով են աշխատում:
Medeor անվամբ գերմանական կազմակերպությունը՝ որպես առաջին քայլ, Սիրիա և Թուրքիա կուղարկի 100 հազար եվրոյի սարքավորումներ, խտացված թթվածին, վիրակապեր և այլ պարագաներ, դրանք արդեն արկղերում են:
«Մենք լավ ցանց ունենք այդ տուժած շրջաններում, այնտեղ կան և՛ թուրքական, և՛ սիրիական գործընկեր-կառույցներ, որոնց հետ մենք աշխատում ենք, դրանք ամենաառաջին պահից սկսել են օգնել մարդկանց»,- ասել է Մեդեորի խսնակ Մարկուտս Բրեմերսը:
Սիրիային կարող է օգնություն տրամադրել նաև Իսրայելը: Ըստ Սիրիայի կառավարության հայտնած տվյալների, երկրաշարժից առնվազն 430 մարդ է զոհվել, մինչդեռ, «Ալ-Ջազիրա» արաբական հեռուստակայանը հաղորդել է 783 զոհի մասին, վիրավորների թիվը մոտ 1300 է: Ենթադրվում է, որ ինչպես և Թուրքիայում, Սիրիայում էլ այդ թվերը կաճեն: