Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, ապա առաքելությունը կարող է տեղակայվել մեկից երկու օրվա ընթացքում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Առաջարկը դեռ սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա այս առաքելությունը կարող է տեղակայվել բառացիորեն մեկ կամ երկու օրվա ընթացքում», - "Россия 24" հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Լավրովը։
Ռուսաստանցի պաշտոնյան ընդգծել է, որ Մոսկվայի գլխավորած դաշինքը խաղաղապահ գործողության տեղակայման պլան է ներկայացրել «ոչ դյուրին ժամանակահատվածում», ինչն, ըստ Լավրովի, «կարևոր ձեռքբերում էր»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քաղաքական գնահատականի բացակայության պատճառով» Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթը«Այդ պլանը պատրաստվել է բավականին վաղուց, բայց հայկական կողմը մեզ չի շտապեցրել, և արդյունքում Երևանի գագաթնաժողովում մենք վերջնական տեսքի բերեցինք համապատասխան որոշման տեքստը, սակայն հայ գործընկերներն ասացին, որ այդ որոշումն իրենց պետք կգա միայն այն դեպքում, եթե դրանում կտրականապես դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները», - պատմել է ՌԴ արտգործնախարարը և հավելել, թե «ոչ բոլորն էին պատրաստ» կատարել Հայաստանի իշխանությունների պահանջը՝ «ոչ միայն այն պատճառով, որ ուզում էին ինչ-որ մեկին պաշտպանել կամ որևէ մեկին չաջակցել»:
Պարզաբանելով ասածը՝ Լավրովը շարունակել է․ - «Երբ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Եվրամիության հետ միասին փաստաթուղթ են ստորագրել 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրում շարադրված պայմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, մեզ համար մի տեսակ դժվար է նույնիսկ կողմնորոշվել հետագա քայլերում»: Նա նշել է, որ հիշատակված փաստաթղթի համաձայն՝ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով՝ «այդ թվում, իհարկե, Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի, որի կազմում, այսինքն՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պրահայի քառակողմ հանդիպմանը հայտարարություն է ընդունվելՌուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ մինչ այդ էլ է Երևանը մերժել Մոսկվայի «բազմաթիվ» առաջարկներ, ինչից հետո «Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը»։
«Հայաստանը երկար, երկար տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի շուրջ յոթ շրջաններ, իսկ հետո, երբ հարցը քաղաքական ճանապարհով լուծելուց հուսահատ` Ռուսաստանը բազմաթիվ տարբերակներ առաջարկեց, որոնք նախկինում Հայաստանի ղեկավարությունն այնքան էլ դրական չէր ընդունել՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց երբեք չէր հավակնում։ Այդ իսկ պատճառով, այստեղ, այնուամենայնիվ, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը», - ասել է Սերգեյ Լավրովը: