Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինվորների հարազատներն այցելել էին դեպքի վայր՝ մի շարք անպատասխան հարցերով

Ազատ գյուղի կացարանում մի գիշերում այրված 15 զինծառայողների հարազատները հրդեհի վայր էին եկել խունկով, ծաղիկներով ու բազմաթիվ հարցերով:

«Իմ երեխան չէր կարող քնած մնար ու պաժառից», - ասում է հարազատներից մեկը:

Մեկ տարվա զինծառայող էր Գագիկ Բարսեղյանը, Գերմանիայից էր եկել:
Հենց պատուհանի տակ երկհարկանի մահճակալի վերևի հատվածում էր քնում, նույն պատուհանի ճաղավանդակի արանքից զինծառայող է դուրս եկել, ինչպե՞ս է Գագիկը քնած մնացել, հարցնում են հարազատները, դիահերձարանում նրան քնած դիրքով են տեսել. «Ոնց քնած են եղել, ինչ դիրքով քնել են, էն դիրքով էնդեղ էին»:


Վանաձորցի Արամ Մանուկյանը պատի տակ էր քնում՝ ննջարանի տարածքը 21 հոգու համար շատ փոքր է, խցկված է եղել երկհարկանի մահճակալներով, եթե տարածքում մի արթուն մարդ է եղել, ուրեմն բոլորը պիտի ոտքի լինեին: Մի բան այն չէ, կրկնում է վանաձորցի Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Գրիգորյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրդեհից զոհված զինվորի հայրը պնդում է՝ տղաները խնդիր են ունեցել կապիտանի հետ


Հարազատները զննում են տունը՝ փորձում քնած մնալու հանելուկը հասկանալ, որոշ ծնողներ խոսել էին զինվորների ու պաշտոնական վարկածով կրակի վրա բենզին լցրած սպայի միջև կոնֆլիկտի մասին: Թող քննությունը պարզի ամեն բան, սպասելու ենք, հետևելու ենք, ասում են հարազատները. «Իմ արևը խավարել ա, ես չեմ ուզում ուրիշինն էլ խավարի»:

Երկու սենյակ է՝ ննջարանից բացի զինանոցը և միջանցք-հյուրասենյակը, որտեղ այդ վառարան էր, մի սեղան, ու անկյունում տղաները ստվարաթղթից փոքրիկ եկեղեցի էին պատրաստել, սրբի անկյուն էին ասում:

Արամի պապիկն այս տանը շատ է եղել, թոռնիկի փոքրիկ պահարանը գտավ: Հիգիենիկ պարագաներ են, ինքն էր բերել, Արամը մի օճառն է հասցրել օգտագործել: Մոխիրների մեջ խաչով մի թևնոց գտան, իրենց տղաներինը չէ, 15-ից որ մեկինն է, մաքրեցին, պահեցին, մինչև ծնողը ճանաչի մասունքը:

«Ես քանի օր չեմ քնում, էդ երեխեքը չկան», - ասում է Ազատ գյուղի բնակիչ Ավետիք Գրիգորյանը:

Զինվորներին ամենամոտը նրա տունն է։ Ասում է՝ իրար հետ էլ էին լավ, զինվորական ղեկավարության հետ էլ, սպան նոր էր, լավ չի ճանաչում. «Նոր էր եկել: Իրենց խնդիր չի եղել, ոչ կամանդիրի, ոչ բան»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կյանք ենք կորցնում էրեխեքի, ծնողներն են ծերանում ջահել-ջահել...»


Ավետիքենց բակից էին զինվորները ջուր կրում, ձմռանն իրենցը սառել էր, բայց տունն իսկզբանե ջուր չի էլ ունեցել, զինվորներն իրենք են ջրագիծ քաշել, ավերակ տունը կարգի բերել, պատմում են գյուղում. «Իրենց ձեռքով ռեմոնտ են արել, տունը որ մտնեիր, ամեն ինչով, սրբատեղին ժամով»:


Հարազատներն էլ հիշում էին՝ ով ինչ է գնել տան համար, մեկը՝ լվացքի մեքենա, մյուսը՝ կաթսա, թավա: Տղաները դրսում գյուղական մի զուգարան ունեին, բաղնիք վերջերս էին սարքել: Արտյոմ Գրիգորյանն ասում է՝ նոյեմբերին երբ եկավ, դեռ կիսակառույց էր. «Ուրախանում էին, ասում էին՝ պիտի հեսա բաղնիք ունենանք, որ լողանանք: Ջուր էին տաքացնում, տազիկի մեջ լողանում»:

Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը, որ օրենքով է հաստատված, մի հոդված ունի, որով պետությունը երաշխավորում է զինծառայողների սոցիալական պաշտպանությունը, միջոցներ է ձեռնարկում նրանց համար բավարար և արժանի կենսամակարդակ ապահովելու, ծառայության և կենցաղի պայմանների բարելավման ուղղությամբ: Ազատ գյուղի այդ տանը շուրջ երկու տարի զինվորներ են ապրել, ըստ գյուղում ապրողների՝ ինքնուրույն փորձել բարելավել պայմանները։

«Էդ երեխեքը գնացին վարի անտերությունից, ոչ տեր կար, ոչ տիրական», - ասում են նրանք:

Ազատցի Ալբերտ Առաքելյանի տեսադաշտում հայ-ադրբեջանական շատ մոտ սահմանն է ու զինվորների մեկ այլ կացարան։ Ասում է՝ գյուղում շատերի տներն են առանց կոմունալ պայմանների, բայց դա իրենց տունն է՝ ինչ կուզեն՝ կանեն, կառավարությունը ոստիկանների քանակն է ավելացնում՝ բանակին նայեք, զայրանում է. «Փաշինյանը քանի օր ընկած է մարզերով, միլիցեքին է ողջունում, բանակ սարքեն, կարգին բանակ, որ Ալիևը մեծճմեծ չխոսի»:

«Ուրախ-զվարթ իջնում էին, իրենց գործին գնալով, ֆուտբոլ խաղալով. բա հիմա ո՞նց կլինի ժողովուրդը», - ասում են գյուղի բնակիչները:

Ազատում դեռ ուշքի չեն գալիս, աշխույժ տղաները լռեցին մի գիշերում:

«Դբա լավը» ցուցանակը վանաձորցի Արամն էր չարագուշակ տան ճակատին փակցրել, պապիկը երկար մտածեց՝ թողնի -տանի, ի վերջո որոշեց այրված պահարանի հետ Վանաձոր տանել: