15 զինվորի կյանք խլած հրդեհից հետո դեռևս որևէ մեղադրյալ, ձերբակալված չկա, իրավապահները երեկվանից հարցաքննել են մի քանի զինվորականի, հարցաքննությունները շարունակվում են։
«Հայտնաբերված է դեպքի վայրում տարաներով լցված վառելիք, որը, ըստ նախնական տեղեկությունների, բենզին է, որոնք առգրավվել են։ Հետագայում փորձաքննություններով կպարզվի պարունակությունը, դա դիզվառելի՞ք է, թե՞ ավտոբենզին», - հայտարարել է Զինդատախազ Գրիգոր Էլիզբարյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրակի արագ տարածման հետևանքով զինվորները չեն կարողացել կացարանի մուտքով դուրս գալ․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՍա նախնական հիմնական վարկածն է, որի շուրջ էլ իրավապահները քննում են, թե ինչու Ազատ գյուղում զորամասի կացարանի վերափոխված գյուղական տանը փորձել են ավտոբենզին օգտագործել փայտի վառարանը վառելու համար, և ովքեր պետք է կրեն պատասխանատվություն։
Իրավապահները հայտարարում են, որ հիմնական այս վարկածից բացի, պատրաստ են ստուգել այլ վարկածներ ևս՝ եթե դրանք հիմնավոր լինեն։
Գրիգոր Էլիզբարյանը, ով երեկ դեպքի վայրում էր, Հանրային հեռուստաընկերությանը որոշ մանրամասներ է փոխանցել. - «Դուրս է եկել և տարածքում պլաստմասսե տարայում գտնվող հինգ լիտրանոց ավտոբենզինը վերցրել և վերադարձել է զորանոց և վառարանի մեջ լցնելու ընթացքում հրդեհ ա բռնկվել։ Բոցից ինքը այրվել ա, համազգեստը կպել ա»։
Ըստ իրավապահների, 1 տարի, 8 ամիս առաջ այդ կացարան տեղափոխված ինժեներասակրավորային վաշտի 22 զինվորականները բնակվել են երկու սենյականոց տանը։ Միջանցքում էլ տեղադրված էր փայտի վառարանը, սենյակներից մեկը զինանոցն էր, մյուսը զորանոցը՝ երկհարկանի մահճակալներով, այդ մի սենյակում էլ քնում էին բոլորը։ Նրանցից երեքը, այդ թվում և վառարանը վառել փորձող կապիտանը, հիվանդանոցում են, մյուս չորսը դուրս են գրվել հիվանդանոցից։ Զինդատախազի խոսքով, վառարանում առաջացած բոցից կապիտանն այրվածքներ է ստացել և մեխանիկորեն իր ձեռքի ավտոբենզինով տարան նետել է մի կողմ, որն ընկել է կացարանի մեջ։ Կապիտանը և վերակարգում գտնվող մի ժամկետային զինծառայող մի կերպ դուրս են եկել կացարանից։
Պաշտոնական վարկածը երեկ հերքել է զորամասի դասակի հրամանատարը, որը, սակայն, ողբերգական դեպքի ժամանակ տարածքում չի եղել։ Նա այլ վարկած առաջ չէր քաշել, բայց պնդել էր, թե այնտեղ բենզին չի եղել։ Քննչական կոմիտեից փոխանցում են, որ այս, և մամուլում հրապարակվող բոլոր հանգամանքները դառնալու են քննության առարկա։
«Փաստացի էս դեպքում զինծառայողների կյանքի իրավունքի խնդիր է... որովհետև պայմաններ չեն եղել նրանց համար», - նշում է բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան էդգար Խաչատրյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրդեհի բռնկման պաշտոնական վարկածը իրավապաշտպաններն ու ընդդիմադիրները կասկածի տակ են դնումԻրավապաշտպանները քննադատում են ողբերգական դեպքից ժամեր անց վարչապետի և պաշտպանության նախարարի եզրահանգումները, թե զինվորները խախտել են անվտանգության կանոնները։
Այս կերպ ուղղորդում են քննությունը, ասում է Էդգար Խաչատրյանը. - «Առաջին հերթին կասկածելի է, որ միայն մեկ վարկած է դիտարկվում, ու դրա մասին խոսեցին պաշտպանության նախարարը և վարչապետը, որը, ըստ իս, նաև տպավորություն է թողնում, որ քննությունն ուղղորդվում է։ Միլիարդ բյուջե նախատեսած բանակի համար. կարող է մեր իշխանավորների համար դա նորմալ է՝ էդ պայմանները, ինձ համար անընդունելի է։ Ինձ համար անընդունելի է 21-րդ դարում փայտի վառարանով զորամաս տաքացնել՝ այն կառույցը, որը պահում է քո պետության անվտանգությունը»։