Հրդեհ զորամասի կացարանում, 15 զինծառայող է մահացել․ ինչ է հայտնի այս պահին

Այսօր առավոտյան պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ է բռնկվել և չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Ավելի ուշ նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը հստակեցրեց՝ հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Ըստ դատախազության՝ մահացածները պարտադիր ժամկետային զինծառայողներ են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրդեհ ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, կան զոհեր և վիրավորներ

Զոհված 15 զինծառայողների անունները Պաշտպանության նախարարությունն դեռ չի հրապարակել: Գերատեսչությունից տեղեկացնում են, որ սպասում են՝ նույնականացման աշխատանքներն ավարտվեն։

«Ազատության» լուսանկարները դեպքի վայրից

Հրդեհի հավանական պատճառները

  • Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է վառարանն ավտոբենզինով վառելու պատճառով
  • Փորձ է արվել բացել 5 լիտրանոց տարայով բենզինը և լցնել վառարանի մեջ, հետո, ինչպես վարչապետն ասաց, «բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, կրկին նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ»։
  • Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ։
  • Զորամասի դասակի հրամանատարը, որը ողբերգական դեպքի ժամանակ տարածքում չի եղել, լրագրողների հետ զրույցում հերքել է պաշտոնական նախնական վարկածը, թե զորամասի տարածքում բենզին է եղել:

Տուժածների վիճակը

Հրդեհից տուժած երեք զինվորները տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն։ 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 1-ի վնասվածքներն ավելի թեթև են, բաժանմունքում է։

Պաշտոնանկություններ

Դեպքից ժամեր անց 8 սպա ազատվեց պաշտոնից, այդ թվում՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։ Նախագահի հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Գարեգին Պողոսյանը՝ Հայաստանի զինված ուժերի գնդապետ, Հայաստանի ազգային հերոս։

Պապիկյանը հայտարարեց՝ իրենց զբաղեցրած պաշտոններնն ինչ-որ կերպ առնչվում են խնդրին և, «մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական կտրվի խնդրին, իրենց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»:

Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ հիմնական պատասխանատուն պետք է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լինի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հակադարձում են՝ քաղաքական պատասխանատվության մասին կխոսեն, երբ պարզվեն դեպքի մանրամասները։

Արձագանքներ

Ֆեյսբուքյան իր էջում դեպքին անդրադարձել է իրավապշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ շեշտելով՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարտավոր է հրապարակային մեղայականով հանդես գալ, հանրությանը ներկայացնել դեպքի մանրամասները, մեղավորներին և հայտարարել հրամանատարական կազմին քրեական պատախանատվության ենթարկելու և ոչ թե նրանց պաշտոններից հեռացնելու մասին։

«Ինչ հեշտ են զոհվում մեր զինվորները։ Ցավակցում եմ ընտանիքներին», - մասնավորապես գրել է իրավապաշտպանը՝ նկատելով՝ Պապիկյանը նույնիսկ դեպքի վայր չի ժամանել։

Կորպուսի ամբողջ ղեկավար կազմին միանգամից հեռացնելը քաղաքական անպատասխանատվության ցցուն դրսևորում է համարել ՍիվիլՆեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը՝ նկատելով՝ 2-րդ բանակային կորպուսը հենց այս պահին գլխատված է․ հրամանատարները, տեղակալները, գնդի հրամանատարները ազատված են պաշտոններից, նրանց փոխարինողները դեռ չեն նշանակվել։

«Եթե, Աստված մի արասցե, Գեղարքունիքի ուղղությամբ հիմա հարձակում լինի, բանակն այդ հատվածում պարզապես ղեկավարություն չունի», - ֆեյսբուքում գրել է Հարությունյանը՝ շեշտելով․ - «Պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա կամ պաշտոնանկ արվի։ Դա նվազագույն քաղաքական պատասխանատվությունն է, որ այս իշխանությունը պետք է վերցնի այս պահին»։

Դեռ հեղափոխությունից առաջ՝ 2018-ի հունվարի սկզբին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել էր, որ բանակում տարեսկզբից արդեն երկու զոհ կա՝ թոնավորում շմոլ գազից և հակառակորդի դիպուկահարի կրակոցից՝ շշետելով՝ թույլ չեն տալու, որ սա ուղղակի դառնա լրահոսի վերնագիր։

«Ամեն զոհի հետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու և մենք պետք է գտնենք նրանց։ Սա է այս հրեշավոր լրահոսի առաջն առնելու տարբերակը», - գրել էր Փաշինյանը։