Մատչելիության հղումներ

Արդյոք հրաժարական կներկայացնի Սուրեն Պապիկյանը. իշխանությունը հարցն այս պահին տեղին չի համարում


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը

Արդյոք իշխանությունը քաղաքական պատասխանատվություն կստանձնի 15 զինծառայողների ողբերգական մահվան համար և արդյոք հրաժարական կներկայացնի՞ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Իշխանությունը հարցն այս պահին տեղին չի համարում։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի համոզմամբ՝ քաղաքական պատասխանատվության մասին կխոսեն, երբ պարզվեն դեպքի մանրամասները։

Այսօր մի խումբ բարձրաստիճան զինվորականներ պաշտոնանկ արվեցին, այս մասին կառավարության նիստում հայտարարվեց, բայց նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը քննարկման առարկա չդարձավ:

«Հիմա ողբերգական դեպք է տեղի ունեցել, և ես կարծում եմ՝ էս հարցն էս պահին տեղին չի, քանի դեռ հանգամանքները պարզված չեն: Պաշտպանության նախարարը, որը՝ այո, քաղաքական պատասխանատուն է, և մենք բոլորս՝ իշխանությունն է քաղաքական պատասխանատուն յուրաքանչյուր տեղի ունեցած իրավիճակի մասին մեր երկրում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է միանգամից փորձենք գտնել քավության նոխազների և փորձենք ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին», - ասաց Հովհաննիսյանը:

Մինչդեռ պաշտպանության նախարարի պաշտոնը շուրջ 8 տարի զբաղեցրած Սեյրան Օհանյանն, ով այսօր ղեկավարում է խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ «Հայաստան» խմբակցությունը, համոզված է՝ տեղի ունեցած ողբերգությունից հետո քաղաքական պատասխանատվության պահանջ կա, բայց այսօրվա իշխող թիմի հրաժարականի պատճառները այնքան շատ են, որ նրանք վաղուց պետք է հրաժարական տված լինեին՝ դեռ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո։

«Իրենք ամբողջ թիմով պետք է հրաժարական տված լինեին շուտվանից և՛ երեկ, և՛ այսօր, և՛ նաև վաղը», - ասաց Օհանյանը:

«Ազատության» հարցին՝ «եթե այս իրավիճակում Դուք լինեիք, կտայի՞ք հրաժարական», Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես լինեի այս իրավիճակում, պատերազմից հետո հրաժարական կտայի և այսօր էլ այդ քայլին կգնայի»:

Պաշտպանության նախկին նախարարն ասում է, որ պետք է պարզվեն ողբերգական դեպքի բոլոր մանրամասները՝ ինչպե՞ս կարող էր հրդեհից 15 զինծառայող զոհվել, ինչո՞ւ նրանց չի հաջողվել լքել կացարանը, եղե՞լ է արդյոք օրապահ, եղե՞լ են մարդիկ, ովքեր հետևել են վառարանին։ Սեյրանի Օհանյանն ասում է, որ վառարանը վառելու հատուկ ընթացակարգ կա, և հարց է՝ արդյոք այն պահպանվել է։

«Հսկողությունը պետք է իրականացվեր, ամենակարևորը, գոյություն ունի յուրաքանչյուր գործունեության, նաև վառարանի վառելու և՛ ժամեր, և՛ մոտեցման ձեևեր, մեթոդներ, ինստրուկցիա գոյություն ունի, արդյոք դա պահպանվել է: Բենզին սովորաբար չի կիրառվում, թույլատրված չէ», - ընդգծեց նա:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի համոզմամբ՝ ոչ միայն այս դեպքին, այլ սրանից առաջ տեղի ունեցած բազմաթիվ ձախողումների համար այս իշխանությունն արդեն պետք է հրաժարական տված լիներ։ Հետևաբար հարցի պատասխանը պետք է ժողովուրդը տա՝ արդյոք 15 զինծառայողի մահվան համար իշխանությունը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի։

«Այս դեպքին չպետք է հետևի պաշտպանության նախարարի հրաժարականը, ես վերջին մի տարում կարող եմ մի 15 դեպք ասել, որ վարչապետն էլ, պաշտպանության նախարարն էլ, էս դիլետանտների ողջ խմբակն էլ պիտի հրաժարական տար: Էդ ինչի՞ համար են պատասխանատվություն կրել մինչև էսօր, քովիդի հազարավոր մահերը, պատերազմի ժամանակ մահերը, սեպտեմբերյան պատերազմի, առնվազն ագրեսիայի ժամանակ զոհերը, որի՞ համար են իրենք պատասխանատվություն կրել: Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, հարցին հայ ժողովուրդը պետք է պատասխանի ու պատասխանելու է շատ կոշտ ու շատ լսելի», - ասաց Մամիջանյանը:

Խորհրդարանական ընդդիմությունն ու իշխանությունն այսօր ճեպազրույցները սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ հարգելով զոհված 15 զինծառայողների հիշատակը։

XS
SM
MD
LG