Կարմիր, կապույտ, նարնջագույն, կանաչ ու դեղին կտրոններ սովին դիմակայելու համար. վաղվանից արցախցիները կտրոններ կստանան, իսկ ուրբաթ օրվանից դրանցով խանութներից կարող են գնել մեկ լիտր ձեթ ու մեկական կիլոգրամ բրինձ, մակարոն, հնդկաձավար ու շաքարավազ։
«Խմբաքանակը տրամադրվելու է անձին կտրոնը ձեռք բերելուց հետո, որի դեպքում անձը կարող է դիմել տնտեսվարող սուբյեկտին և կտրոնում նշված ժամկետներում ու կտրոնում նշված չափով ձեռք բերել տվյալ սննդամթերքը», - նշեց Արցախի բնակարանային կոմիտեի ներկայացուցիչ Գոհար Պողոսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ Ստեփանակերտի դպրոցներում, համալսարաններում 19 կետ է բացվել կտրոնների ստացման համար, գյուղերում դրանք կտրամադրվեն գյուղապետարաններում:
Ձեթ ու բրձնի կտրոն կարող են ստանալ ոչ միայն Արցախի հաշվառում ունեցողները, այլև այն մարդիկ, որ ժամանակավոր են եկել ու մնացել բլոկադայի մեջ. «Մեկական կիլոգրամ և մեկ լիտր ձեթ, բայց այդ խմբաքանակը միաժամանակ մեկանգամյա չի կարողանա ինքը ձեռք բերել այդ բացի ձեթից, որը տրամադրվելու է անմիջապես մեկ ամսվա համար, մնացած բոլոր խմբաքանակները 15 օրվա կտրվածքով են տրվելու»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով դպրոցների աշխատանքը կմնա կասեցվածԿտրոնային համակարգի անհրաժեշտության մասին արցախցիները խոսում էին շրջափակման առաջին իսկ տասնօրյակում, երբ խանութների դարակները դատարկվեցին, իսկ կառավարության պահուստներից տրամադրվող մթերքը շատ արագ անհետանում էր վաճառասեղաններից, մթերք հասնում էր նրան, ով ծանոթ խանութպան ուներ կամ էլ ճարպկորեն հետևում էր, թե որ խանութը որ պահին ինչ ստացավ:
«Մարդ կա՝ թոշակառու է, չի հասցնում, փոքր երեխա ունի, չի հասցնում, բայց գոնե տենց արդեն գիտի, որ իր բաժինը խանութում է, պիտի գնա, վերցնի», - նշում է Ստեփանակերտի բնակչուհի Զինա Նաջարյանը:
Նա այսօր էլ խանութ էր գնացել ու ոգևորված տուն եկել՝ թթվասեր, կաթ, մածուն կար արցախյան արտադրության, այդքանը։
«Ազատությունը» Արցախից տեղեկացավ, որ հանգստյան օրերին ռուս խաղաղապահները մանդարին, պոմիդոր, վարունգ են բաժանել ծննդատան ու մանկական հիվանդանոցի մոտ: Միրգ, բանջարեղեն խանութներում չի երևում մեկ ամսից ավելին:
«Շատ վատ վիճակում ենք այդ բլոկադայից հետո, մանավանդ էլեկտրաէներգիայի պատճառով մենք շատ ենք տուժվում: Ցուրտ է, փոքր երեխաներ ունենք, մեկ ամսական թոռնիկ ունեմ, վապշե վիճակ չկա», - ասում է բնակիչներից մյուսը:
Արցախը շրջափակման վեցերերոդ շաբաթն սկսում է հովհարային երկարող անջատումներով: Անջատումների երկու ժամվա գրաֆիկը վաղվանից կրկնապատկվելու է, խնդիրը նույնն է՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքում Հայաստանից սնունցվող միակ բարձրավոլտ գիծը վթարվել է, ադրբեջացիները թույլ չեն տալիս մոտենալ տարածքին, վերացնել վթարը, իսկ տեղական հոսանքը 24-ժամյա գրաֆիկի չի ձգում:
Արցախցիները դեռ դիմանում են:
«Փորձում են մեզ ընկճել դրանով, մենք դիմանալու ենք և ցրտին, և քաղցին, և ամեն ինչին», - ասում է նրանցից մեկը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը պետք է հասկանա՝ հայերի կյանքի գնով խաղաղություն չի կարող լինել. Արցախի պետնախարարԱյսօր հերթերը դատարկ խանութներից տեղափոխվել են բանկոմատների ու տերմինալների մոտ, մարդիկ ոչ միայն աշխատավարձը, կենսաթոշակն էլ միանգամից հանել չեն կարող, կանխիկի խնդիր կա: Օպերատիվ շտաբը որոշել է՝ օրական մինչև 50 հազար դրամ կարելի է կանխիկացնել:
Մի քանի օրում կհանենք, ի՞նչ կա, չի նեղսրտում Սուսաննա Բալայանը. «Դու կարաս մյուս օրն էլ 50 հազար ստանաս կամ մյուս օրն էլ ամբողջ աշխատավարձդ հանես: Մի քիչ նեղություն է, բայց ոչինչ»:
Կրթական հաստատություններում, դպրոց-մանկապարտեզներում էլ խնայողական խիստ ռեժիմ է, երկարօրյաներ չկան, մանկապարտեզներն ընդհանրապես չեն գործում, որովհետև փոքրիկներին կերակրել չեն կարող:
Արցախի պաշարումը շարունակվում է արդեն 36 օր: